Տնտեսական

Սիրիահայերն իրենց արտադրանքը նախընտրում են արտահանել

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

2012 թվականի վերջից, երբ սիրիահայերի հոսքը սկսվեց Հայաստան, մշակվեցին վերջիններիս աջակցելու բազմաթիվ ծրագրեր` սկսած կրթությունից ու բնակարանաշինությունից մինչև բիզնեսի զարգացում: Արդեն երրորդ տարին է, ինչ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ համատեղ սիրիահայ գործարարներին աջակցելու համար կազմակերպում է «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը, որն իրենից ներկայացնում է բիզնեսի զարգացմանն ուղղված ուսուցողական դասընթացներ և ֆինանսավորում մինչև 5 միլիոն վարկ 4 տոկոս տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետներում: 

Արդեն երրորդ տարին է, ինչ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը Հայաստան գաղթած սիրիահայ գործարարների համար անցկացնում է բիզնեսի խթանմանն ուղղված ուսուցողական դասընթացներ: Մեկ ու կես ամիս տևողությամբ դասընթացների արդյունքում սիրիահայերն ուսումնասիրում են բիզնես միջավայրը, ծանոթանում մաքսային և հարկային օրենսդրությանը: Հետո ներկայացնում իրենց գործարար պլանը, որն էլ հավանության արժանանալու դեպքում ֆինանսավորվում է ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի կողմից հատուկ արտոնություններով` մինչև 5 տարի մարման ժամկետներում տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով 5 միլիոն դրամ վարկ:

ՓՄՁ ԶԱԿ-ի մամուլի պատասխանատու Դավիթ Մուրադյանի խոսքով` հիմնականում հավանության է արժանանում արտադրությունն ու ծառայությունների մատուցումը:

«Սիրիահայերն իրենք հիմնականում ուղղությունը վերցնում են դեպի արտադրություն: Բազմաթիվ արտադրություններ են հիմնվել` սկսած հրուշակեղենի, հացի արտադրությունից, մինչև բարձր ճնշման խողովակների, ջրի պոմպերի և այլ տեսակի մեքենաշինական պահեստամասերի արտադրություն»:

Սիրիայում երկար տարիներ կոշիկի ներբանների արտադրությամբ զբաղված Սաֆարների ընտանիքն արդեն 8 ամիս է, ինչ Հայաստանում է, և փորձում է այստեղ առաջին քայլերն անել կոշիկի արտադրության ոլորտում և արտադրանքն արտահանել արտերկիր: Մասնագիտությամբ դիզայներ Անդրանիկ Սաֆարը, ուսումնասիրելով հայստանյան շուկան, եկել է այն եզրահանգման, որ այստեղ արտադրած ապրանքը տեղում վաճառելն անիմաստ է:

Արտերկրյա շուկաներում պահանջարկն ավելի մեծ է, քան Հայաստանում, կարծում է Անդրանիկը: Իմանալով փոքր և միջին բիսնեսին խթանելու ուսուցողական դասընթացների մասին` որոշել է մասնակցել` ծանոթանալու հարկային և մաքսային օրենքներին: Հոր` Գևորգ Սաֆարի խոսքով էլ` արտադրությունը դեռևս չեն սկսել, քանի որ ժամանակ է հարկավոր:

Հայր և որդի Սաֆարները որոշել են սկզբում զբաղվել կոշիկի արտադրությամբ, հետո հայրենիքում վերսկսել կոշիկի ներբանների արտադրությունը: Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելուց հետո էլ Գևորգ Սաֆարի խոսքով`ներքին շուկան զագացնելու համար պետք է նվազեցվեն Հայաստան ներմուծվող թուրքական և չինական արտադրանքի ծավալները:

Այս երեք տարիների ընթացքում ֆինանսավորվել է մոտ 200 միլիոն դրամի չափով 57 բիզնես:

 

 

Back to top button