Քաղաքական

Շահան Գանտահարյան. Թուրքիան փոխում է ոճը, բայց ոչ ժխտողական քաղաքականությունը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Լույս է տեսել Բեյրութի «Ազդակ» օրաթերթի բացառիկ համարը, որն ամբողջությամբ նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախանշվող ծրագրերին: «Ազդակ»- ի բացառիկ համարի երևանյան շնորհանդեսին մասնակցել է թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Վերջինի տեղեկացմամբ՝ օրաթերթն ամբողջությամբ թվայանցվել է և առաջիկայում հասանելի կլինի բոլորին։

Բեյրութի «Ազդակ» օրաթերթը տարվա ընթացքում ունենում է երկու  բացառիկ համար. մեկն ամփոփում է տարին, մյուսը ՝ նվիրվում է ապրիլի 24-ին: Վերջինին նվիրված այս տարվա բացառիկ համարի երևանյան շնորհանդեսին այսօր ներկա էր օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նա իր խոսքում ընդգծեց, որ  Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան քարոզչական լուրջ հարձակումների է անցնում, ինչին պետք է պատրաստ լինի նաև հայկական մամուլը: Ըստ Գանտահարյանի՝ քաղաքական, պատմական ու իրավական շեշտադրումները պետք առավել հստակ լինեն և աշխատանքները պետք է ուղղորդված լինեն մասնավորապես հանրային կարծիքի ձևավորմանը։

«Թուրքիայում այսօր կա բառապաշարի ու ոճի փոփոխություն, բայց ժխտողական քաղաքականության առումով որևէ փոփոխություն չկա: Նախապայմանի քաղաքականությունը նույնն է»,- ասում է «Ազդակ»- ի գլխավոր խմբագիրը: Նրա  գնահատմամբ՝ ժխտողականությունը դասական առումով ենթահող չունի, բայց Արցախի հարցում թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքի արդյունքը ակնհայտ է, ինչը ևս լուրջ մարտահրավեր է:

Գանտահարյանը պատահականություն չի համարում, որ Էրդողանի  հայտնի ցավակցությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը սկսեց խոսել Մադրիդյան սկզբունքների մասին: Ինչևէ՝ վերադառնալով ցեղասպանության թեմային՝ Գանտահարյանն ընդգծում է ՝  մեր քայլերի շեշտադրումը պետք է լինի հատուցման և դրա իրավական ծրագրի մշակման վրա։

Back to top button