ԿարևորՔաղաքական

ՀՀ 13- րդ կառավարության ծրագիրը հաստատվեց

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր  70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է  ՀՀ 13- րդ կառավարության գործունեության ծրագիրը։ Դեմ էր քվեարկել որեւէ խմբակցությունում չընդգրկված Խաչատուր Քոքոբելյանը, իսկ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցություններից համապատասխանաբար Հրանտ Բագրատյանն ու Ալեքսանդր Արզումանյանը քվեարկեցին ձեռնպահ` կառավարության նոր ծրագրի որոշ տարրերի շուրջ համագործակցելու եւ բարելավելու որոշ նշույլներ տեսնելով:   

ԱԺ- ում այսօր շարունակվեց ՀՀ 13-րդ կառավարության ծրագրի քննարկումը: Այն արժանացավ տրամագծորեն տարբեր գնահատականների ընդդիմության եւ իշխանության կողմից: Եթե հանրապետական պատգամավորները նշում էին, որ փաստաթուղթը «ապահով եւ անվտանգ Հայաստանի դոկտրին է», ապա ընդդիմադիրները պնդում էին, որ գործնականում ներկայացված չեն առկա մարտահրավերներին հակազդելու քայլերը: Ամեն դեպքում՝ խորհրդարանը հավանության արժանացրեց ներկայացված ծրագիրը։

Ընդդիմադիրներին, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին չի գոհացնում այն, որ նոր կառավարության ծրագրում որեւէ անդրադարձ եւ գնահատական չկա նախորդ կառավարության աշխատանքի վերաբերյալ: Եթե չեն վերլուծվել նախորդի սխալներն, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ դրանք նորից չեն կրկնվի, հարցում էր Ստեփան Մարգարյանը:

Հաջողության համար դա կարեւոր նախապայման չէ, հակազդում են հանրապետականները: Մասնավորապես` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պնդում է. «Այս կառավարությունը դատապարտված է հաջողված լինել»։

Կառավարության ծրագրում նախանշված 5 տոկոսանոց աճի առումով որոշակի վերապահումներ ունեն «Օրինաց երկիր» խմբակցությունում: «Ես կարծում եմ, որ սա բավարար չէ, հատկապես, որ վարչապետն իր ելույթում ասաց, որ մեր հասարակության մի մեծ մաս ըստ էության իր վրա չի զգալու 5 տոկոսի զարգացման արդյունքները: Երկրորդ` ինչպե՞ս պետք է ապահովվի այդ 5 տոկոսը: Նախկին տարվա ցավալի փորձը մեզ ցույց տվեց, որ 7 տոկոսանոց դեկլարացված աճի դեպքում մենք ունեցանք 3.5 տոկոս: Հիմա որո՞նք են այդ հիմքերը: Հիմքերը, ըստ էության, չեն երեւում»,- ասում էր Մհեր Շահգելդյանը։

Բոլոր քննադատական ելույթների հեղինակներին, թե արդյունաբերական ոլորտը խիստ անհուսալի վիճակում է այսօր, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նախ տվեց արդյունաբերություն բառի ստուգաբանությունը։ «Ես չգիտեմ ինչու արդյունաբերությունը միշտ դիտարկում ենք որպես գործարան: Եթե նայենք նույնիսկ բառի ստուգաբանությունը, ապա կտեսնենք, որ դա զուտ արդյունք բերելուն ուղղված գործունեություն է: Եւ զբոսաշրջությունն է արդյունաբերություն, եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Եվ ընդհանրապես՝ մոտեցումը որպես ինդուստիրայի պետք է փոխվի»։

Էկոնոմիկայի նախարարը, ի դեպ, տեղեկացրեց, որ կառավարության ծրագրով նախատեսել են մի շարք պետություններում հիմնել Առեւտրային տներ: Այդպիսի փորձը Ռուսաստանում արդեն դրական արդյունք տվել է, ասում է նախարարը։

Այն, որ որոշ հարցերում մոտեցումը պետք է փոխվի, պնդում են նաեւ օրինակ Դաշնակցություն խմբակցության պատգամավորները: Արծվիկ Մինասյանը նույնիսկ հանդես եկավ առաջարկով. «ՀՀ բարձրագույն որեւէ պաշտոնատար անձ չպետք է իրավունք ունենա իր կարողությունները, իր եկամուտները այս երկրում վաստակելով ներդնի այլ երկրներում: Նա պարտավոր է այդ միջոցները ծառայեցնել այս երկրի համար: Խոսքը չի գնում բիզնես վարելու մասին, խոսքը արժեթղթերի, անշարժ գույքի, բանկային ավանդների մասին է, որոնք, չգիտես ինչու, կապիտալի արտահոսքի ներքո հեռանում է Հայաստանից: Այ սրա դեմ կոնկրետ նաեւ առաջարկ մենք արել էինք կառավարությանը, որը ցավալիորեն չի իրացվել»։

Պատգամավորների մի մասին նաեւ դուր չի եկել հանրապետական պատգամավորների պնդումը, թե պետությունը պատասխանատու չէ աշխատատեղերի ստեղծման համար` այդ իրավունքը թողնելով մասնավորին: Խորհդարանական ընդդիմադիր քառյակը 13-րդ կառավարության ծրագրի հետ կապված ունի բազմաթիվ այլ վերապահումներ եւս, ուստի այսօր քառյակը եկավ միասնական դիրքորոշման, որը ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։ «Ասածներս, գնահատականներս բայղուշություն չընդունեք: Իսկապես, ես ուզում եմ, որ դուք դուրս գաք անձնական, զուտ թիմային շրջանակից, քաղաքագիտական հարթություն մտնեք եւ հստակ գիտակցեք, որ այս ձեւով պետության վիճակ չեք կարող փոխել: Ճշգրիտ միասնական որոշում է ընդունված, որ չենք ընդունում այս ծրագիրը եւ միասնական դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք խմբակցություններով չենք մասնակցում այս քվեարկություններին»։

Կառավարության ծրագրի քվեարկությունը բոյկոտելու որոշում կայացրեց նաեւ «Օրինաց երկիր» խմբակցությունը, հայտարարեց խմբակցության ղեկավար Հեղինե ԲԻշարյանը` միաժամանակ գնահատական տալով նոր կառավարությանը: «Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի՝ որտեղ ավելի ռիսկային տոկոսներ էին ամրագրված` 5-7 տոկոս տնտեսական աճ, իհարկե, կատարվեց 3.5-ը: Տարբերությունը նախկին կառավարության հետ, այս կառավարությունը 1.5 տոկոսանոց է, քանի որ խոստացել եք 5 տոկոս աճ, հետևաբար՝ ի՞նչ իմաստ ուներ այդ փոփոխությունը»։

Կառավարության ծրագրով նախատեսված 5 տոկոսանոց աճը, նվազագույն աշխպատավարձի աստիճանական բարձրացումը մինչեւ 65 հազար դրամ եւ աղքատության նվազեցումը 10 տոկոսով, թեեւ առաջին հայացքից փոքր թվեր են, բայց իրատեսական եւ չափավոր, ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Օրվա վերջում կառավարության ծրագիրը դրվեց քվեարկության: Հենց այդ ընթացքում էլ «Օրինաց ե»րկիրը հրաժեշտ տվեց իր գործարար պատգամավորներից մեկին` Կարեն Բոթոյանին: «Խմբակցությունում տեղյակ եմ պահել եւ դիմում գրել խմբակցությունից դուրս գալու համար: Ես կողմ եմ քվեարկելու կառավարության ծրագրին»,- ասաց նա։

«Այո, մեր խմբակցության անդամ Կարեն Բոթոյանը ներկայացրել է, որ որպես գործարար պատգամավոր, որ չի կարող քվեարկել այնպես, ինչպես խմբակցությունը: Պարզապես ուզում եմ ասել, պարոն Խաչատրյան, պարոն վարչապետ, որ այն, որ այս երեք օրը այստեղ թատրոն էիք ցույց տալիս եւ համագործակցության կոչեր էիք անում, իմացեք, որ դուք դա չեք կարող պահպանել համագործակցության տարրը, երբ հնարավոր չէ, որ գործարար մարդը կարողանա տեսակետ եւ կարծիք ունենալ եւ չքվեարկել այնպես, ինչպես ձեզ է պետք»,- ասաց Հեղինե Բիշարյանը։

Ամեն դեպքում՝ խորհրդարանը հաստատեց 13-րդ կառավարության ծրագիրը 70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ էր քվեարկել որեւէ խմբակցությունում չընդգրկված Խաչատուր Քոքոբելյանը, իսկ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցություններից համապատասխանաբար Հրանտ Բագրատյանն ու Ալեքսանդր Արզումանյանը քվեարկեցին ձեռնպահ` կառավարության նոր ծրագրի որոշ տարրերի շուրջ համագործակցելու եւ բարելավելու որոշ նշույլներ տեսնելով:

Back to top button