ԿարևորՀասարակություն

Հայաստանի միգրացիոն հոսքերի 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Վայոց ձոր- Երեւան

«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միգրացիոն ոլորտում համագործակցություն հաստատելը կարեւորագույն նշանակություն ունի Հայաստանի համար»,- ասում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Ծառայության պետը այս հանգամանքը պայմանավորում է նրանով, որ Հայաստանի երկարաժամկետ միգրացիոն հոսքերի 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը: Չնայած ՌԴ — ն բավականին խստացրեց մուտքային ու ելքային ռեժիմը ,սակայն մեր հայրենակիցները գտնում են ինչ- ինչ ճանապարհներ երկրից գնալու համար։

Վայոց ձորի Գլաձոր համայնքի 38 ամյա բնակչուհի Քրիստինե Եղյանը «Ռադիլուրին» ներկայացնում իրենց ընտանիքը պատմությունը՝ մեկ հարկի տակ ապրում են տաս հոգով: Կերակող ձեռքը հայրն է, ով աշխատում է Ռուսատանում ու այնքան էլ լավ չի վաստակում: Եղբորն էլ 5 տարով զրկել են ՌԴ տարածք մուտք գործելու իրավունքից: Մնացել է, իր ասելով, 86 տարեկան տատիկի թոշակի հույսին։ Ասում է, որ գոնե այս օրենքները չխստացնեին ու Ռուսատան գնալը հեշտ լիներ։

Քրիստինեի ամուսինը դեռ 15 տարի առաջ էր բռնել խոպանի ճանապարհը։ Հետո ընտանքին այնտեղ էր տարել, բայց որոշ ժամանակ անց Քրիստինեն վերադառնում Հայաստան՝ առանց ամուսնու։ Չնայած, իր խոսքով, ամուսինը խոպանի զոհ դարձավ ու ընտանիքը քայքայվեց, բայց անգամ այդ հանգամանքը հետ չի կանգնեցնում Քրիստինեին: Նա պատրաստ է կրկին վերադառնալ Ռուսատան։

Գլաձոր համայանքի մեկ այլ բնակչուհու՝ Սեդա Ենոքյանի ուղեկցությամբ էլ շրջում ենք գյուղում, ու նա հերթով ցույց է տալիս փակ տների դարպասները: Ասում է փակ է, բոլորը գնում են ու մինչեւ երբ՝ Աստված գիտի։ «Եթե այս օրենքն էլ չխստացնեին՝ շատերը կգային։ Դե հիմա էլ առանց աշխատանքային պայմանգիր կնքելու չես կարող գնալ։ Բայց ամեն մարդու բախտ չի բերում»։

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության 2013 թվականի տվյալների համաձայն՝ Ռուսաստան են մուտք գործել մոտ 640,000 միգրանտներ, որոնցից 170 հազար մեր հայրենակիցները վերադարձել են Հայաստան, քանի որ հայտնվել են ռիսկային գոտում, կամ էլ ճանաչվել են անցանկալի անձ և առնվազն հինգ տարի զրկվել են ՌԴ մուտք գործելու իրավունքից:

Հիշեցենք ,որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միգրացիոն ոլորտում համագործակցությունը կարգավորելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ։ Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ձևավորված համագործակցության արդյունքում առանձնացնում է երկու համաձայնագրերի ստորագրում. այն, որ մինչ Հայաստանը կմիանա ՄՄ- ին և դրանից վաղ միգրացիոն ոլորտում կսահմանվեն Մաքսային միության «խաղի կանոնները»։

Մինչ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում ու համագործակցության եզրեր գտում ՌԴ Միգրացիոն ծառայության հետ, Գլաձոր համայքի բնակչուհի Սեդա Ենոքյանը առաջարկում է համապատասխան աշխատատեղեր ստեղծել, որպեսզի մարդիկ թեկուզ քիչ գումարով իրենց հայրենիքում աշխատանք գտնեն։

Նշենք, որ լրագրողների այցը Վայոց ձորի մարզ կազմակերպել էր «People in need» կազմակերպությունը։

Back to top button