Քաղաքական

Կարեն Միրզոյան. Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը պաշտպանության բանակն է

«ԼՂՀ արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններն են՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը, արտերկրում ԼՂՀ քաղաքացիների (ինչպես նաև Ադրբեջանից հայ փախստականների և ներքին տեղահանվածների) իրավունքների և շահերի պաշտպանումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը ԼՂՀ տնտեսության մեջ, Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության ամրապնդումը»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Կանադայի ուսանողական միության (AESPUL) նախագահ Ֆրանսուա Պիեր Կարտոլանոյին տված հարցազրույցում։

Ըստ նախարարի՝ Արցախի արտաքին քաղաքական հիմնական մարտապրավերը «ԼՂՀ միջազգային ճանաչման բացակայությունն է, ինչն իր հերթին, դժվարացնում է մեր նախարարության լիարժեք գործունեությունը և ստեղծում որոշակի սահմանափակումներ իր քաղաքականության իրականացման գործում: Միևնույն ժամանակ առկա խնդիրները մղում են մեզ ավելի ակտիվ և քրտնաջան աշխատանքի՝ ուղղված նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը»։

Կարեն Միրզոյանը շեշտելով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը արձանագրել է, որ «հայատյացությունը Ադրբեջանում հասել է պետական քաղաքականության մակարդակի: Ադրբեջանի սպառնալիքները մնում են ռազմատենչ հռետորաբանության և շփման գծում (1994 թ. հրադադարի համաձայնագրի կնքման արդյունքում հաստատված ներկայիս սահմաններում) սադրանքների մակարդակի վրա, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Խաղաղ գործընթացի անշրջելիության երաշխիքների բացակայության և ռազմական գործողությունների չվերսկսման պայմաններում տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը միշտ կլինեն սպառնալիքի տակ»։

Ըստ Արցախի ԱԳ նախարարի՝ ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն է, որը պատրաստ է պատասխանել իր սահմանների վրա ցանկացած ոտնձգության:

Back to top button