Առանց ճոխության, քաղքենիության եւ անճաշակության. ինչպես տոնել «Վերջին զանգը»


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Վերջին զանգին» և այս տարվա շրջանավարտների վերջին դասին մնացել են հաշված ժամեր: Հանրապետությունում վաղը կհնչի վերջին զանգը, որը շուրջ 25.000 շրջանավարտների կճանապարհի դեպի նոր կյանք: Յուրաքանչյուր դպրոցում վերջին դասը կանցկացվի յուրովի։
ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարվա շրջանավարտներին ևս սպասվում են տոնական միջոցառումներ և ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախարարությունն ու ոստիկանությունը հորդորում են լինել հնարավորինս զգուշավոր`դժբախտ պատահարներից խուսափելու համար։ «Շատ սերտ համագործակցության արդյունքում մեզ հետ է ոստիկանությունը և ինչպես անցյլա տարին, այնպես էլ այս տարի համոզված եմ, որ մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք ապահովել մեր երեխաների անվտանգությունը»,- ասում է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։
Նախարարությունը հորդորում է ոչ միայն զգուշավոր լինել, այլև զերծ մնալ ավելորդ ճոխություններից, քաղքենիությունից ու անճաշակությունից: Սա նաև անձամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հորդորն է ծնողներին, շրջանավարտներին, մանկավարժներին: «Արգելել տոնական միջոցառումներ`աբսուրդ է, որովհետև պատկերացրեք, մենք միասին սովորում ենք մի դասարանում և հայտնվում է ինչ-որ մի կրթության նախարար, որն ասում է՝ գիտեք, այս տարի վերջին զանգ չի լինելու: ՞Ինչ կանենք մենք ձեզ հետ միասին այդ կրթության նախարարի որոշումը: Ես մարդկայնորեն հասկանում եմ, որ մարդիկ 12 տարի միասին սովորել են և հիմա էլ ուզում են միասին նշել կյանքի այդ կարևոր փուլը: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Անպայման չէ՝ այդ նվերներն ունենան արտասահմանյան տարադրամով եռազրո արտահայտումներ: Ծնողներին հերդորում եմ հետևել երեխաների անվտանգությանը: Մի խոսքով՝ ուզում եմ, որպեսզի վերջին զանգից մեր յուրաքանչյուր շրջանավարտ ունենա միայն բարի հիշողություններ: Եվ ոչ թե պարտք փակի, հիվանդանոց ընկնի, իսկ մեր ուսուցիչների ու տնօրենների մոտ մնան նախևառաջ ջերմ հիշողություններ»,- ասում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Շնորհավորելով բոլոր շրջանավարտներին` ԿԳ նախարարը հիշեցրեց, որ առջևում ավարտական միասնական քննություններն են: