Հասարակություն

Ցրտահարված այգիները դարձյալ մեծ խնամք են պահանջում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Արմավիրի մարզի Քարակերտ համայնքն ամենաշատն է տուժել մարտի վերջին տեղի ունեցած ցրտահարությունից, որտեղ վնասվել է 200 հեկտարից ավելի ծիրանի այգի: Մասնավոր այգիները բոլորն էլ պատկանում են քարակերտցի այգետերերին, որոնք  այժմ էլ ամեն ջանք գործադրում են  ծիրանի այգիները պահպանելու համարը, որպեսզի հաջորդ տարի բերք ունենա: Տեղական հանձնաժողովների կազմած արձանագրությունների հիման վրա կառավարությունը  50 տոկոսով զիջելու է ոռոգման ջրի վարձավճարը, 100 տոկոսով` հողի հարկը:

Արմավիրի մարզի վնասված 83 համայնքներից ամենից շատը տուժել է Քարակերտը: Համայնքի գյուղատնտեսությունը անցած տարի  էլ վնասել էր կրկնակի կարկտահարությունից, դրանից առաջ էլ կրծողներից, սակայն գյուղացիները հաստատակամ են իրենց որոշման մեջ և համառորեն պայքարում են այգիների պաշտպանության համար։ Քարակերտի  գյուղապետ Մհեր Հարթենյանը տեղեկացրեց, որ համայնքում ցրտահարվել է 212 հա ծիրանի այգի, 15հա` սալորի, դեղձենին  գրեթե չի վնասվել, խաղողն էլ` քիչ քանակությամբ:

Քարակերտցի Մանվել Բաղդոյանի  ծիրանի  13 տարվա այգիները առանձնահտուկ խնամված են, էտն այնպես էին կատարել, որպեսզի բերք շատ տար, սակայն մարտի վերջին  այգին ամբողջությամբ ցրտահարվեց: Գյուղատնտեսության մեջ ներդրումներն իրականացրել են տարբեր բանկերից վերցրած վարկերով: Այգետեր Մանվել Բաղդոյանը նշում է, որ աղետից տուժել են ոչ միայն իրենք, այլ նաև այն գյուղացիները, որոնք չունեն մշակովի հողեր և օրավարձով   աշխատում են այգիներում:

Ցրտահարության վնասի դիմաց կառավարությունը զիջելու է հողի հարկն ու ոռոգման ջրի վարձավճարը, որի  մասին գյուղացիները տեղեկացել են մամուլից, սակայն դա այնքան էլ չի հուսադրում  նրանց` կորստի դիմաց  չնչին գումար է: Քարակերտցի  այգետիրոջ ցրտահարության կորուստները զգալի են, վերցրած վարկերի տոկոսադրույքները` մեծ։ Նա առաջարկեց   իջեցնել  երկարաժամկետ  վարկերի տոկոսի չափը, դժգոհեց թունաքիմիկատների որակից, իսկ որպեսզի գյուղացին  չհրաժարվի հողից՝ պետք է  կառավարության ուշադրությունը։

Մի քանի տարի առաջ Քարակերտի այգիները կրծողների զոհ դարձան: Մանվել Բաղդոյանն ուներ պայքարի իր ձևը, որն ավելի ծախսատար էր. նա մետաղական ցանցեր է անցկացրել   ծառերի բներին, բուժել է և ջրատար  ցիստեռնով ոռոգել: Այժմ էլ գիշեր-ցերեկ ծիրանի այգում է, երեխայի պես խնամում  ու հոգ է տանում։

Back to top button