ԿարևորՀասարակություն

Ցրտահարությունից տուժած գյուղացիներն իրենց աջակցության մասին կիմնանան պաշտոնական կայքերից

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Նախորդ շաբաթվա ընթացքում` մայիսի 15-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում արված փոփոխությունների արդեն կիրառման ընթացակարգի պարզաբանումներն այսօր հնչեցին ԱԺ ամբիոնից` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին: Այս հարցով պատգամավոր Արծվիկ Մինասյանկ խնդրեց հստակ պարզաբանումներ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից։

«Այն վարձու աշխատողները, ովքեր չեն ցանկանում, որ իրենցից աշխատավարձից պահվի եւ կատարվեն կուտակային վճարումներ, դիմում են ներկայացնում գործատուներին, եւ գործատուները դրա հիման վրա իրականացնում են այդ պահանջը: Այն է` չեն պահում եւ չեն փոխանցում այս ժամանակահատվածում, քանի դեռ չկա նոր օրենսդրական փաթեթ: Ներկայումս, վարչապետի հանձնարարականի համաձայն, ՊԵԿ-ի կողմից իրականացվում են էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված համակարգի գործարկման աշխատանքները, որպեսզի նաեւ այդ դիմումների ընթացքին տեխնիկական առումով պատշաճ ընթացք տրվի»,- բացատրեց սոցապնախարարը։

Լայն հանրությանը, իսկ ավելի ճիշտ` գյուղական համայնքների բնակիչներին հետաքրքրող եւս մեկ հարց պարզաբանվեց ԱԺ ամբիոնից: Արդեն ավարտվել է հաշվառումը այն շահառուների, ովքեր մարտի 30-31 վնաս էին կրել տեղի ունեցած ցրտահարությունից: «Խոսքը 21 հազարից մի քիչ ավելի շահառուների մասին է», — ասաց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` ներկայացնելով կառավարության խոստացած փոխհատուցման գործընթացի ներկա վիճակը։

«ԿԲ-ն այս պահի դրությամբ անհատապես աշխատում է տնտեսությունների հետ, որպեսզի վերաձեւակերպեն համապատասխան վարկերը: Բոլոր վարկերը այդ տնտեսությունների համար դառնում են դրամային։ Եթե դրանք դոլարային են եղել՝ դառնում են սուբսիդավորված, այսինքն` 14 տոկոսից 4 տոկոսը պետությունը եւ 10 տոկոսը գյուղացիական տնտեսության համար: Դուք կարող եք համապատասխան մարզպետների կայքէջերում արդեն հիմա ծանոթանալ այն բոլոր շահառուների հաստատված ցուցակներին, որտեղ նաեւ նշված է, թե որ շահառուն ինչ տեսակի օգնությունից է օգտվելու: Համապատասխան ցուցակբներ տեղադրված են նաեւ Ջրային պետական կոմիտեի կայքէջում այն շահառուների մասով, ովքեր պետք է օգտվեն ոռոգման ջրի օժանդակության ծրագրերից»,- ասաց փոխվարչապետը։

Ի դեպ` այսօր հարգելի պատճառներով հարց ու պատասխանից բացակայում էին արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարները: Պատգամավորների հարցերի մեծ մասը, սովորաբար, ուղղվում է հենց իրենց: Իսկ այսօր ԱԺ ամբիոնին հաճախ մոտեցավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ում մինչեւ հունիսի 2-3 ներառյալ տրամադրվել է չվճարվող արձակուրդ: Փարատելով անհանգստությունները, թե հնարավոր է արձակուրդից այլեւս չվերադառնա եւ չպաշտոնավարի այդ պաշտոնում, ԱԺ ամբիոնից նա հայտարարեց. «Մինչեւ սեպտեմբերի 1-ը վստահաբար կհայտնվեմ այստեղ», ուստի նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորանքները թողեց հետոյին։

Back to top button