Հասարակություն

Վայոց ձոր. Կարելի է ընտանիքը պահել նաեւ սեփական գյուղում աշխատելով

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Վայոց ձոր- Երեւան

Անհիմն են այն լուրերը, թե Վայոց ձորի մարզում ինչպես աղքատությունը, այնպես էլ արտագաղթը հասնում են մեծ ծավալների, ասում է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Իսկ Գլաձոր համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Ռուսաստանում աշխատանք փնտրողների մի մասը նույն հաջողությամբ կարող է իր ընտանիքը ապահով պահել սեփական գյուղում, բայց սոցիալական նպաստները մարդկանց մատնել են ծուլության: Պաշտոնյաների տեսակետների հետ համաձայն չեն բնակիչները։

Վայոց ձորի մարզի Արին համայքի բնակիչ, մասագիտությաւմբ պատմաբան Վարուժան Հարությունյանը որոշել այլևս չբռենլ խոպանի ճանապարհը, մի քանի անգամ գնացել եկել է, աշխատել է շինարարության վրա, րոշ ժամանակ անց հասկացել, որ դա իր տեղը չէ։ «Թող Հայասատանում փողը քիչ լինի, բայց իմ հողի վրա կլինեմ»,- ասում է։ Սակայն իր մասնագիտությամբ ընտանիք չի կարող պահել։ Պատճառը պարզ է. «Պատմաբան եմ և ուսուցչի աշխատավարձով չեմ կարող ընտանիք պահել, ամուսնանալ: Ստիպված ուրիշ մի բան պիտի գտնեմ, բիզնես հիմնեմ»,- ասում է։

Վարուժանը Հայասատան վերադառնալուն պես մասնակցում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ կազմակերպած բիզնես-թրեյնինգին և ցանկանում հիմնել սեփական գործը հենց Վայոց ձորում: Շուկան ուսումասիրել ու հասկացել է, որ իրենց գյուղի ձուկն ամենահամովն է ու հենց ձկնաբուծությամբ էլ ցանկանում է զբաղվել։ «Ֆինասական միջոցներ են հարկավոր: Հայաստանում բիզնես սկսելն այդքան էլ հեշտ գործ չէ, հարկատեսակներն այնքան շատ են, որ չգիտես բիզնեսով զբաղվե՞ս, թե՞ ոչ»։

Վայոց ձորի Գլաձոր համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Ռուսաստանում աշխատանք փնտրողների մի մասը նույն հաջողությամբ կարող է իր ընտանիքի կարիքներն ապահովել սեփական գյուղում, բայց «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգերը մարդկանց անգործության են մատնել։ «Մեր տարածքը գյուղատնտեսական մեծ հնարավորություններ ունի ու եթե 30 տոկոսն էլ զբաղվեն անասնապահությամբ՝ համոզված եմ, որ լավ են ապրելու։ Բայց մարդիկ կան, որ գնում են 6-7 ամսով ու չեն էլ կարողանում ապրել, ամբողջ ձմեռ խանութից պարտքեր են կուտակում, որ գարնանը նորից գնան, մինչդեռ կարող են այստեղ 5 հատ կով պահել ու մարդավարի ապրել: Խոտ հնձելը մի քիչ դժվար կլինի, բայց մենք 20 տարի առաջ մայիսին հազարավոր տոննաներով խոտ էինք հնձում»։

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անհիմն է որակում այն լուրերը, թե մարզում ինչպես աղքատությունը, այնպես էլ արտագաղթը հասնում են մեծ ծավալների: Նրա խոսքով` վիճակագրությունը հակառակ պատկերն է ցույց տալիս: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզում աղքատության ցուցանիշներն ավելի բարվոք են, քան՝ այլ մարզերում։ «Մեր համայնքների մեծ մասում գյուղատնտեսությունով զբաղվելով մարդիկ կարողանում են հոգալ իրենց ընտանիքների կարիքները։ Առանձին դեպքերում նույնիսկ կարողանում են մեքենա գնել, վերանորոգել իրենց տունը, և դա կախված նրանցից, թե ոնց են վարում իրենց տնտեսությունը»,- ասում է։

Արտագաղթի առումով խոցելի են հատկապես քաղաքային համայնքները` Եղեգնաձորը, Վայքը, քանի որ խորհրդային տարիներին այդ քաղաքների բնակիչներն աշխատել են գործարաններում: Այսօր չկան այդ գործարանները և, բնականաբար, մարդիկ փորձում են աշխատանք փնտրել այլ բնակավայրերում: Նշենք, որ մարզում այսօր գործում է միայն Ռելեի գործարանը:

Նշենք, որ լրագրողների այցը Վայոց ձորի մարզ կազմակերպել էր «People in need» կազմակերպությունը:

Back to top button