Քաղաքական

Անպատժելիության մթնոլորտ, թե ագրեսիայի դրսեւորում. պատգամավորների գնահատականը՝ «Վերնիսաժի» դեպքերին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ձեւավորվել է ագրեսիվ մշակույթ: Մարդիկ ագրեսիվ են` անկախ նրանից, թե ինչ սոցիալական կարգավիճակ ունեն: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նման ընդհանրական կարծիք է հայտնել հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը` անդրադառնալով վերջին օրերին արձանագրված աղմկահարույց միջադեպերին: Նույն առիթով Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի գնահատականն այն է, որ միջադեպերը անպատժելիության մթնոլորտի արդյունք են:

Ընդդիմադիր Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի համոզմամբ` արձանագրվող միջադեպերը անպատժելիության մտնոլորտից են բխում, երբ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե կարող են իրենց թույլ տալ այս կամ այն անթույլատրելի արարքը:
Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը արձանագրվող տհաճ միջադեպերը չի կապում անպատժելիության մթնոլորտի հետ: Նրա համոզմամբ` ձեւավորվել է ագրեսիվ մշակույթ, որի վերացման մասին պետք է մտածել:

Հանրային կարծիքը կարեւոր է, սակայն` որակումներ կամ գնահատականներ ու պատիժ պետք է սահմանի դատարանը եւ միայն դատարանը: Պետք է բոլորը գործեն ոչ թե չգրված, այլ` գրված օրենքներով: Դրանք էլ իրենց հերթին պիտի մեկնաբանվեն ըստ էության` նկատեց Մանվել Բադեյանը:
Օրենքը գործելու առումով պետք է նախ այն կիրոռողների նկատմամբ վստահությունը լինի` նկատեց Թեւան Պողոսյանը: Ընդդիմադիր պատգամավորը վստահության խնդիրը կարեւորեց նաեւ կառավարության ներկայացրած ծրագրին անդրադառնալիս:

Հույսն էլ կարդարանա, թե ոչ` ժամանակի խնդիր է: Դա ցույց կտան արդեն կառավարության հետագա գործողությունները` եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը: Ի տարբերություն ընդդիմադիր գործընկերոջ` հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը կարծում է, որ ձեւավորվել է մթնոլորտ, որից արդյունքներ ինքը ակնկալում է: Թեպետ` անգամ այս պարագայում պետք է հասկանալ, որ միանգամից ոչինչ չի լինի` հավելեց նա:
Ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք: Ամեն դեպքում, հանրապետական պատգամավորի համոզված գնահատականն է, որ մեկնարկը լավն է:

Back to top button