Հասարակություն

«Սամսունգը» Գյումրիում բացեց էլեկտրոնային «սմարթ» դասարան

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Այսօր աշխատանքային այցով գյումրիում էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Գյումրիի «Ֆոտան» վարժարանում նախարարը ներկա է գտնվել «Սամսունգ Էլեկտրոնիկս» ընկերության մոտ 50 000 ամերիկյան դոլար արժողությամբ  գերժամանակակից էլեկտրոնային գրատախտակով ու համակարգիչներով կահավորված դասարանի բացմանը։

«Ուրախալի է, որ Հայաստանում առաջին գերժամանակակից համակարգչային լսարանը բացվեց հենց Գյումրիում և հանրապետության լավագույն դպրոցներից մեկում: Մենք կարևորում ենք գերժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացումը և կիրառումը կրթության մեջ: Այն է` անհատական մոտեցումից մինչև ինտերակտիվ, պարապմունքային ձևեր երեխայի մոտ խթանել  կրթության հանդեպ ցանկությունը, հետևել յուրաքանչյուրի առաջադիմությանը, վերլուծել թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև միանգամից ստանալ գնահատական»,- ասաց Արմեն Աշոտյանը։

«Սամսունգ» ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավար Սանգ Պիլ Չանինն վստահեցրել է, որ նմանատիպ ծրագրերը շարունակական կլինեն։ «Սա «Սամսունգ» ընկերության, որը համարվում է սիրված ապրանքանիշ Հայաստանում, փոքր նվերն է Հայաստանի կրթական համակարգին»,- նշեց նա։

Back to top button