Հասարակություն

Պատմաբան.Լաչինի ազատագրման օրը եւս պետք է գտնի իր արժանի տեղը մայիսյան հաղթանակների տոնացույցում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

1992 թվականի մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը, այժմ՝ Բերձոր: Արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհն ու ճեղքվեց Արցախի շրջափակման օղակը: Շուշիի հաղթանակից հետո հայկական կողմի ռազմական մյուս մեծ հաջողությունը Լաչինի ազատագրումն էր: «Լաչին» թարգմանաբար նշանակում է «Սպիտակ արծիվ»:

Քրիստոսից դեռ 5000 տարի առաջ այժմյան Քաշաթաղի շրջանում պահպանվող քարե արծվակերպ երկու տոտեմները համարում են գավառի խորհրդանիշը: Քուռ-արաքսյան մշակույթին պատկանող այս ցուցանմուշներն ամենահինն են, որ վկայում են տեղանքի հայկական պատկանելության մասին: Քաշաթաղ անվանումը գավառը ստացել է 13-րդ դարում, երբ գոյություն չուներ ոչ միայն ադրբեջանցի, այլև կովկասցի թարթարներ անվանումը: Քաշաթաղի արհեստական վերաբնակեցումը քրդերով ու թաթարներով սկսվել է 18-րդ դարում, իսկ 1921 թվականին Արցախը Ադրբեջանին բռնակցելուց հետո խորհրդային Ադրբեջանի իշխանությունները խորամանկորեն լուծեցին նաև Քաշաթաղի հարցը:

Քաշաթաղը վերագտավ իր հայկականությունը, երբ 1992 թվականի մայիսի 18-ին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը մտան Լաչին, այժմ արդեն Բերձոր: Արցախի համար Լաչինի ազատագրումը ռազմավարակն կարևոր նշանակություն ունեցավ. վերացավ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև յոթ կիլոմետրոնոց անջրպետը: Առանց դրա, ըստ էության, անհնար էր շրջափակման մեջ գտնվող երկրամասի գոյատևումը: «Լաչինի ազատագրումը նույնքան կարևոր էր, որքան Շուշիի ազատագրումը: Դա հնարավոր դարձավ ռազմավարակ լուրջ գործողության արդյունքում, որի հեղինակը Դնեպրիկ Բաղդասարյանն էր, մարդ, որի մասին այսօր քչերը գիտեն»,-ասում է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզության պետ, այժմ «հետախույզ վետերանների միություն» ՀԿ նախագահ Սուրեն Կարապետյանը:

Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը, իսկ ճանապարհն անվանվեց «Կյանքի ճանապարհ»: «Լաչինի ազատագրումն ու դրա ռազմավարական նշանակությունն առ այսօր, սակայն, պատշաճորեն չեն լուսաբանվել»,-նշում են ազատամարտիկները, իսկ պատմաբան Գևորգ Մելքոնյանի համոզմամբ մայիսի 18-ը ևս պետք է գտնի իր արժանի տեղը մայիսյան հաղթանակների տոնացույցում ու նշվի պատշաճորեն:

Back to top button