Մշակույթ

«Մոսկվայի հայերը» արխիվային նյութերը՝ Մոսկվայի տանը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մոսկվայի տանն այսօր բացվել է հայ-ռուսական «Մոսկվայի հայերը» արխիվային ցուցահանդեսը։ Այն 2013 թվականի սեպտեմբերին Մոսկվայում բացված համանուն ցուցադրության շարունակությունն է: Հարուստ ցուցադրանյութը ներկայացնում է Մոսկվայի հայ համայնքի պատմության ավելի քան հինգհարյուրամյա ժամանակաշրջանը՝ XIV դարի վերջից մինչև XX դարի սկիզբը: Ցուցահանդեսը կոչված է նպաստելու հայ ժողովրդի կյանքում եկեղեցու և համայնքի դերի ընկալմանն ու բարձրացմանը, հայկական և ռուսական մշակույթների փոխհարստացման գործընթացին: 

Երևանի Մոսկվայի տանը ցուցադրված շուրջ 200 արխիվային նմուշները, փաստաթղթերն ու լուսանկարնեը ներկայացնում են Մոսկվայի հայ համայնքի պատմության ավելի քան հինգհարյուրամյա ժամանակաշրջանը՝ 14-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը:  «Հայերը Մոսկվայում. պատմական ուղին» ցուցահանդեսը բացվել է դեռևս անցյալ տարի Մոսկվայում:

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի, Հայաստանի ազգային արխիվի, ՌԴ արխիվի դաշնային գործակալության, Մոսկվայի արխիվի գլխավոր վարչության և Մոսկվայի կենտրոնական պետական արխիվի կազմակերպած համատեղ ցուցահանդեսը կոչված է ցույց տալու հայերի մասնակցությունը Մոսկվայի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում:  Նույն ցուցահանդեսն այժմ տեղափոխվել է Հայաստան և ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այս համագործացությունը լինելու է շարունակական:

Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում ներկայացնելով ցուցադրված նմուշները` առանձնացրեց դրանցից մի քանիսը։ Կարևորելով ցուցահանդեսի բացումը` Դաշնային արխիվային գործակալության պետ Անդրեյ Արտիզովը նկատեց, որ կատարվել է պրոֆեսիոնալ աշխատանք, որը կնպաստի նաև փորձի փոխանակմանը։

Back to top button