Հասարակություն

Հրադադարը սահմանամերձ Չինարիի բնակիչներն իրենց մաշկի վրա երբևէ չեն զգացել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կազմակերպմամբ շուրջ 140 երիտասարդներ օրերս այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր՝ Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր: Ադրբեջանական սահմանին շատ մոտ գտնվող համայնքներից է Չինարին, որտեղ բնակիչներն ապրում են՝ ամեն վայրկյան գիտակցելով, որ ցանկացած պահի դարանակալ ոսոխը կարող է իրենց ուղղութմաբ կրակել: «Չինարիում չեք գտնի մի տուն, որը գնդակոծության հետքեր չունենա»,- ասում է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ու հավելում՝ 275 տնից 131 մասնակի վնասված է: «Միայն խաղաղություն, այլ խնդիր մենք չունենք» վստահեցրել է համայնքի ղեկավարը:

Սահմանամերձ Չինարիի բնակիչները հրադադարն իրենց մաշկի վրա երբևէ չեն զգացել:  22 տարի է անցել հրադադարից, սակայն, թշնամին երբևէ չի ձանձրացել ու չի հոգնել խաղաղ բնակիչների վրա կրակելուց: Մեծ ու փոքր, կին թե տղամարդ բոլորն այստեղ գիտեն, թե ինչպես պետք է պաշտպանվեն, 84 –ամյա Սմբատ պապի տունը ուղիղ նշանառության տակ է, Չինարիում ծնված ու մեծացած Ջուլհակյան Սմբատի մտքով էլ չէր անցնի,որ մի օր սեփական տանն ապրելն այդքան վտանգավոր կլինի:
700 հա հողատարածքները՝ խոտհարք, արոտավայր ու վարելահող թշնամու վերահսկողության տակ են մնացել: Չնայած սրան, համայնքում ապրում ու շենացնում են Չինարին : 1250 բնակիչ ունեցող գյուղում տարեսկզբից երկու երեխա է ծնվել, 119 աշակերտ դպրոցում է սովորում, 12 շրջանավարտ կա դպրոցում, 28 երեխա էլ մանկապարտեզ է հաճախում: Դպրոցն ու մանկապարտեզն ուղիղ թշնամու նշանառության տակ են, չնայած կրակոցներին, երեխաներն այստեղ սովորոական առօրյայով են ապրում, եթե իհարկե ժամանակ առ ժամանակ ստիպված չեն լինում պատսպարվել մանկապարտեզի ապահով սենյակում:

Նենգ թշնամին չի թողնում, որ գյուղացիներն անգամ հանգուցյալներին հուղարկավորեն, վերջին ամսվա ընթացքում երկու անգամ կրակել են թաղման թափորի ուղղությամբ: Չինարիում , սակայն, խուճապ չկա, այստեղ երեխաներն անգամ գիտեն, թե ինչպես պետք է պաշտպանվել, դժվարն առաջին գնդակն է, որն անկանխատեսելի ուղղությամբ կարող է արձակվել: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյան.«Չինարեցին արդեն սովորել է, ցանկացած մանուկ արդեն պաշտպանվելու ձևը գիտի, վտանգավորությունն այստեղ առաջին գնդակներն են, իսկ դրանից հետո բոլորը պաշտպանվելու ձևերը գիտեն, քայլում են ձախակողմյան մայթերով»:

Պատերազմի տարիներին անգամ որևէ չինարեցու մտքով չի անցնել թողնել գյուղն ու հեռանալ առավաել անվտանգ վայր, այսօր, իհարկե երիտասարդների մի մասը հեռանում է գյուղից, սակայն, նրանք ոչ թե լքում են իրենց գյուղը, այլ գնում աշխատում են ու նորից վերադառնում: Ադրբեջանական սահմանից շուրջ 500 մ հեռու գտնվող Չինարիի հանդեպ բնությունը շռայլ է գտնվել, այստեղ, գրեթե առանց բացառությունների, ամեն ինչ աճում է: Այս տարի, սակայն, բերքը ցրտահարվել է,- ասում են չինարեցիները:

Մի քանի տարի է, ինչ չինարեցի գործարարներից մեկն ով այժմ ՌԴ-ում է աշխատում, այստեղ պահածոների գործարան է հիմնել, բերքի մի մասն այս գործարանում են իրացնում: Այստեղ մթերում են ամեն ինչ՝ անտառի մոշից մինչև կանաչի: Չինարին ապրել, ապրում և ապրելու է, թերևս առաջին հերթին թշնամուն ապացուցելով, որ ոչ մի դարանակալ գնդակ չի կարող սահմանափակել այստեղ ապրելու և արարելու բնական ձգտումը:

Back to top button