ԿարևորՔաղաքական

Խնդիրներին սկզբունքային նոր մոտեցումներ են անհրաժեշտ. ՍԴ նախագահ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Խնդիրներին սկզբունքային նոր մոտեցումներ են անհրաժեշտ եւ եթե այսօր չտրվեն դրանց լուծումները, ապա վաղն այդ խնդիրները կվերածվեն համակարգայինի ու կվերարտադրվեն` իրենց հետ բերելով նոր խնդիրներ: Այս կարծիքն է այսօր հայտնել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի հանրային քննարկումներում ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնական տրամաբանությունը:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի առաջին հանրային քննարկումը նվիրվել է իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման, ապահովման ու իրացման սահմանադրական լուծումներին: Խոսվել է նաեւ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին առնչվող սահմանադրական լուծումների մասին:

Քննարկումներին աջակցում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, USAID-ն: Քննարկման նախաձեռնողների եւ մասնակիցների թվում 27 կազմակերպություն կա: Հելսինի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով` հետաքրքրությունը սահմանադրական բարեփոխումների նկատմամբ բավականին մեծ է:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեսպանի տեղակալ Վիլիամ Հենլոնի փոխանցմամբ` աջակցելով քննարկմանը իրենք ակնկալում են, որ բանիմաց ու օգտավետ մասնակցություն ու աշխատանք կծավալվի այնպիսի կարեւոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներով:

Ցանկալի է, որ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին առնչվող սահմանադրական բարեփոխումների քննարկումները ներառեն եւ հանգեցնեն առավել լայն հանրային ներգրավման ու խորհրդափոխանակությունների:
Հիմնական զեկուցող, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը բավականին ծավալուն խոսեց սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին եւ ներկայացրեց այն առանցքային սկզբունքները, որոնցից ելնելով էլ մշակվել է նախնական հայեցակարգը: Հիմնականն առնչվում է մարդու իավունքներին, իրավունքի գերակայության խնդիրներին: Այս հարցերի շուրջ այսօր աշխարհում են լրջագույն քննարկումներ իրականացվում: Դա է դրված նաեւ մեր Սահմանադրական բարեփոխումների տրամաբանության առանցքում, իսկ առաջնային խնդիրներից մեկն էլ ամրագրված իրավունքների իրացման երաշխավորումն ապահովելու հարցն է.

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում տարբեր մոտեցումներ կան, ուստի` դեռ վաղ է առավել կոնկրետ խոսելը: Նրա խոսքով` այդ առումով հանրային քննարկումները կարեւոր են, որպեսզի նախ հասարակությունը հասկանա, թե ինչի համար են անհրաժեշտ բարեփումները եւ ինչ են տալու դրանք ՀՀ քաղաքացուն:

Մյուս կողմից, սակայն, անկախ պատգամավորը համակարծիք է դիտարկումների հետ, որ եթե սահմանադրական լուծումները ճիշտ տրվեն, ապա` հնարավոր է, որ դա իր ազդեցությունն ունենա քաղաքական համակարգի վրա: Անկախ պատգավոր Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ սահմանադրական բարեփոխումները կբերեն քաղաքական համակարգի առողջացման, որի պարագայում հնարավոր կլինի, անկախ պատգամավորի ձեւակերպմամբ, մրցակցային քաղաքականությամբ զբաղվելը:

Back to top button