ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով հայտարարությամբ են հանդես եկել։ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը տարածաշրջան են այցելել մայիսի 16-ից 19-ը: Նրանց հետ է եղել նաև դեսպան Պիեռ Անդիոն, ով հունիսին կփոխարինի ֆրանսիացի համանախագահին։

Ինչպես նշված է հայտարարությունում՝ այցի հիմնական նպատակն է եղել Լեռնային Ղարաբաղում, Քարվաճառում (հայտարարությունում նշվում է՝ Քելբաջար) և Բերձորում (հայտարարությունում նշվում է՝ Լաչին) իրավիճակին ծանոթացումը՝ համաձայն իրենց ունեցած մանդատի:

«Ճանապարհորդելով այս տարածքներով՝ նրանք (համանախագահները) ենթակառուցվածքներում բարելավման նշաններ են նկատել, բայց չեն նկատել վերջին տարիներին բնակչության թվաքանակի փոփոխության որևէ նշան»,- ասված է հայտարարությունում։

Համանախագահները նաև այցելել են Սարսանգի ջրամբար և քննարկել դրա կարգավիճակը կառավարիչների հետ։ Նրանք հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կհասնեն այս ջրային ռեսուրսները համատեղ կառավարելու հարցում՝ ի շահ տարածաշրջանի:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, մայիսի 19-ին համանախագահները հատել են շփման գիծը Տերտերի մոտակայքում: Նրանք իրենց ափսոսանքն են հայտնել հրադադարի շարունակվող խախտումների և դրանց հետևանքով առաջացած մարդկային զոհերի վերաբերյալ: «Հրադադարի այս խախտումները քննելու մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղքը բարդել մեկը մյուսի վրա»,- ասված է հայտարարությունում:

Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են Երևանի և Բաքվի պաշտոնատար անձանց հետ։ «Հանդիպումների ընթացքում նրանք քննարկել են խաղաղության գործընթացը և ընդգծել, որ խնդրի տևական կարգավորման հիմք են շարունակում մնալ 2009-ից 2013 թվականներին համանախագահող երկրների նախագահների կողմից արված հայտարարություններում նշված բաղադրիչները»,- նշվում է հայտարարության մեջ:

Back to top button