Մշակույթ

Գերմանացի արվեստասեր հասարակության համար բացահայտվեց հայկական նկարչությունն ու կինոարվեստը

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Հայկական նկարչությունն ու կինոարվեստին, կարելի է ասել, արդեն ծանոթ է գերմանական արվեստասեր հասարակությունը: Մայիսի 4-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ շուրջ երեք ամիս տեւած «Մինաս եւ Նարեկ Ավետիսյան . մոդեռնը եւ ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսի փակման արարողությունը: Իսկ թե ով է հայը, հարցի պատասխանը գերմանացիներն ստացել են՝ դիտելով կինոռեժիսոր Էդգար Բազդասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմը: Ցուցահանդեսը մեծ ուշադրության է արժանացել Գերմանիայում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են նկարիչ Նարեկ Ավետիսյանն ու կինոռեժիսոր Էդգար Բազդասարյանը:

«Մայիսի 4-ին մեզ բախտ վիճակվեց ներկա գտնվել 2.5 ամիս տեւած «Մինաս եւ Նարեկ Ավետիսյան. մոդեռնը եւ ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսի փակման արարողությանը», ասաց Նարեկ Ավետիսյանը: Նրա խոսքով՝ հետարքրությունը մեծ էր հատկապես գերմանացի հասարակության մեջ: Գերմանացիների համար բացահայտվեց հայկական նկարչությունն ու Մինասի ըմբոստ ու նորարար ոգին: Արդեն կրտսեր Ավետիսյանի աշխատանքների շնորհիվ էլ ցուցահանդեսի այցելուները տեսան սերունդների միջեւ կապը՝ թե ինչպես է ժամանակակից նկարչությունը սնուցվում 60-70 ականների հայկական նկարչությունից:

«Ի դեպ, այսօր այս հասկացողությունը տարածում է գտնում ՝ հայկական նկարչություն ՝ եզակի մի տեսակ, եւ իհարկե ժամանակակից արդի արվեստում ինչ կարող է տեղի ունենալ: Մշակույթների երկխոսություն կազմակերպությունը կարծում եմ հերթական անգամ ապացուցեց, որ փայլուն աշխատանք է տարված, որովհետեւ շատ դժվար է հայտվել եվրոպական նման լուրջ թանգարանում: Դա հետեւողական եւ լուրջ աշխատանքի արդյունք է»:

Հայկական տեսակի մասին էր նաեւ Էդգար Բադասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմը։ Ինչպես ռեժիսորը բնութագրեց, ներկայացվեց հայկական անձնագիրը, թե ինչ ազգ է հայը եւ ինչու է Հայաստանը մինչեւ այժմ քարտեզի վրա: Ցուցահանդեսը շատ լավ էր կազմակերպված, մեծ հետաքրքրություն էր առաջացրել, ասում է ռեժիսորն ու զարմանում, որ հայերին այն չէր հետաքրքրել:

«Թե՛ Մինասը եւ թե՛ Ֆիլմը գնացել էին հայերին գտնելու, բայց դահլիճում, ի զարմանս ինձ, գրեթե միայն գերմանացիներ էին»:

Նարեկ Ավետիսյանը, խոսելով ցուցահանդեսին գերմանացիների տպավորության մասին, ասաց, որ հայկական նկարչության մեջ նրանց հատկապես հետաքրքրել էր գույնը. «Գերմանացիները, որ էքսպրեսիոնիզմ են տվել աշխարհին եւ դա իր գունամտածողությամբ էլ է տարբերվում , զարմանում են այդ պարզ պայմանի մեջ, որ պիտի լինի նկարչության մեջ , այն էլ հայակական: Ինձ համար շատ արժեքավոր էր մի տեսակետ, որ մենք այսօր կարող ենք աշխարհին ներկայանալ ժամանակակից արվեստով, բայց որը կրկնություն չէ»:

Ցուցահանդեսին, ի դեպ, ներկայացված է եղել Մինաս Ավետիսյանի 19 եւ Նարեկ Ավետիսյանի 9 կտավ: Հավելենք, որ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագծի հաջորդ ցուցահանդեսը՝ կրկին Մշակութային երկխոսության կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա հաջորդ ամսին՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքում:

Back to top button