Տնտեսական

Ջրի պակասը գյուղացուն ստիպում է հրաժարվել բանջարեղենի մշակությունից

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արմավիրի մարզում այս տարի  զգալիորեն կրճատվել է ոռոգման ջրի քանակությունը, Ախուրյանի ջրամբարում ջրի մակարդակը իջել է,  Մայր Արաքս և Սև ջուր  գետերում` նույնպես, ծանրաբեռնվածությունն ընկել է խորքային հորերի և Ստորին Հրազդան ջրանցքի վրա, որի հիմնական ջրաղբյուրը Սևանա լիճն է: Ոռոգման ջրի սակավությունը տարակուսանքի մեջ է գցել գյուղացուն, ով  այս տարի հրաժարվում է բանջարեղենի մշակությունից: Ջրային տնտեսության պետական կոմիտեկ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը գյուղացիներին  առաջարկել է խնայողաբար օգտագործել ոռոգման ջուրը։ 

Արմավիրի մարզում հիմնական  ոռոգումը կազմակերպվում է 3 ջրանցքներով՝ Թալինի, որի ջրաղբյուրը Ախուրյանի ջրամբարն է, Արմավիրի` Արաքս գետից և Ստորին Հրազդանի ջրանցքը` Հրազդան գետը, որը ջուր է ստանում Սևանա լճից: Այս տարի ոռոգման  ջուրն ավելի սկավ է նախորդ տարվա համեմատությամբ: Գյուղացիները տարակուսում են հողի մշակության հարցում: Շատերը ոռոգման ջրի պատճառով հրաժարվել են բանջարեղենի մշակությունից` անարդյունավետ ներդրումներ չկատարելու համար:

Ավելի վատ վիճակում են հայտնվել Վաղարշապատի տարածքի այն գյուղերը, որոնք օգտվում են Սև ջուր գետից։ Այն գրեթե ցամաքել է: Այդ տարածքում շուրջ 8000 հա  հողատարածք  զրկվել է ջրից:  Մշակովի հողատարածքները հասնում  են մինչև հայկական ատոմակայանի շրջակա տարածություն: Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը տեղեկացրեց, որ Մեծամորի պոմպակայանի միջոցով Սև ջրից  տարիներ առաջ հնարավոր է եղել ոռոգել մինչև 4000 հա հողատարածք, Սև ջրից է օգտվել նաև Ակնալճի պոմպակայանը, որը սպասարկել է Ակնալիճ ՋՕԸ-ան համայնքներին, սակայն այժմ պատկերն այլ է:

Սև ջուր գետի ցամաքման պատճառով գտնվել է այլընտրանք` օգտագործվում են ցանաքուրդային  ջրերը, վերականգնվել են խորքային հորերը: Ստորին Հրազդան մայր ջրանցքի ծանրաբեռվածությունն այս տարի ավելացել է, քանի որ Սևանից վերցրած ջուրն այժմ երկաթյա խողովակներով մղում են այն տարածքները, որոնք նախկինում  Սև ջրից են օգտվել: Ադիբեկ Ղազարյանը խնդրանքով դիմեց գյուղացիներին ավելի խնայողաբար վերաբերվել։

Էջմիածնի տարածքի գյուղացիները  զբաղված են գրեթե տարվա բոլոր եղանակներին` ձմեռվանից մինչև խոր աշուն բանջարեղեն են մշակում:  Նրանք, ովքեր հիմա նախապատրաստվում են վարունգի մշակությանը, հրաժարվել են։ Ստորին Հրազդան ջրանցքով Սևանա լճից ջրթողունակության կրճատումը փակուղու առջև է կանգնեցրել գյուղացուն, իսկ գյուղմթերքների արտադրության կրճաատումը ծանր կացուրթյան առջև  կկանգնեցնի ոչ միայն գյուղացուն, այլև ողջ ազգաբնակչությանը։

«Խոյ» ՋՕԸ իր սպասարկման տակ ունի 13 համայնք 6100 հա տարածքով, որից այժմ մշակվում է 5000 հա-ը:  Տարածքի ոռոգումն ապահովում է   Ակնալճից` մոտ 30 տոկոսով, Մեծամորի ջրհան կայանից, որտեղ ջուր չկա, եղածն էլ մի կերպ բավարարում են տնամերձ հողամասերի ոռոգմանը, Ստորին  Հրազդան ջրանցքից և խորքային հորերից: Տարերցտարի ջուրըն ընդերքում նույնպես  քչանում է: Ջրի սակավ տարում կառավարությունը հորդորում է ավելացնել ոռոգելի տարածքները: «Խոյ» ՋՕԸ- գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը դժգոհեց ջրի պակասից, որի պատճառով գյուղացիները բերքի հասունացման եռուն շրջանում կարող են ջուր չունենալ։

Ջրի խնայողությունը նախատեսվել  է նաև խոզանացանի և աշնանացանի համար:  Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի սակավությունը լրացնելու են խորքային հորերի միջոցով, 112  խորքային հոր արդեն գտնվում է ՋՕԸ-րի ենթակայության տակ: Խորքային հորերի գործարկումը կթեթևացնի  Ախուրյանի ջրամբարի և Արաքս գետի ջրթողունակության ծանրաբեռնվածությունը, որտեղ զգալիորեն նվազել ջրի քանակը:

Back to top button