ՀասարակությունՄշակույթ

Որտե՞ղ են Բաժբեուկ-Մելիքյանի գողացված աշխատանքները. լրագրողը, կարծես, գիտի տեղը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Վերջին 40 տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ավելի քան 180 հանցագործություն, որոնք առնչվում են արվեստի ոլորտին, այսօր լրագրողներին հայտնել է քրեական թեմաներով գրող լրագրող Սերգեյ Գալոյանը:  Ըստ նրա՝ դեռ խորհրդային տարիներից հայ նկարիչների աշխատանքները մեծ պահանջարկ ունեին և դրանց տիրանալու համար դիմում էին նաև ապօրինի քայլերի։

Հայ նկարիչների աշխատանքների հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է ինչպես  արվեստագետների, այնպես էլ արվեստի գործերի մոլի կոլեկցիոներների շրջանում: Լինում են դեպքեր, որ նման արվեստոմոլությունը երբեմն քրեական հանցագործույունների պատճառ է դառնում։ Դրանք չեն վրիպել քրեական թեմաներով գրող լրագորղ Սերգեյ Գալոյանի ուշադրությունից, ով, ի դեպ, կրթությամբ, արվեստագետ է: Հատկապես նա տպավորված էր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի վրձին պատկանող 21 նկարների գողությամբ նրա աղջկա բնակարանից ավելի քան 10 տարի առաջ: Կարճ ժամանակ անց գողերը  հայտնաբերվել են և դատապարտվել, սակայն գողունը չի հայտնաբերվել։

Գալոյանը նշեց, որ անհետացած նկարները բավականին արժեքավոր են, դրանց գինը տատանվում է մինչև 200 հազար ԱՄՆ դոլար: Սակայն անգնահատելի է դրանց ազգային արժեքը:

Ավելի շատ պահանջված են Հովհաննես Այվազովսկու աշխատանքները: Թեպետ իր կյանքի ընթացքում նկարիչը ստեղծել է շուրջ 6 հազար նկար, աշխարհում այսօր առկա են նրան իբր վերագրվող 60 հազար գործեր, որոնց թիվը շարունակում է աճել: Թանկարժեք գործերը շատ հաճախ կեղծում են, փաստեց Գալոյանը։

Մեր ազգային պատկերասրահի պահոցից 1994 թվականին հափշտակվել էր Այվազովսկու բնօրինակ գործերից, որը կարճ ժամանակ անց հայտնմաբերվել էր և վերադարձվել իրավապահների կողմից: Մնում է հուսալ, որ Բաժբեուկ-Մելիքյանի նկարները ևս կհայտնաբերվեն և կվերադարվեն նկարչի ընտանիքին:

Back to top button