Հասարակություն

Շուրջ 180 հազար հայաստանցիներ չեն կարողանում Ռուսաստան մուտք գործել

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս տարվա հունվարին ուժի մեջ մտած ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխություններով պայմանավորված մոտ 180 հազար հայաստանցիներ իրավունք չունեն մուտք գործել Ռուսաստանի տարածք, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Գլոսիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանը: Հայաստանը շուտով միգրացիոն գործընթացներում տեղի ունեցած փոփոխությունների դեմ համատեղ հանդես գալու  հուշագիր կստորագրի Մոլդովայի, Ղըրղըզստանի, Ուզբեկիստանի հետ: Այս  երկրների իրավապաշտպանները կբողոքեն  Ռուսաստանի իշխանությունների գործողությունների դեմ, որոնց թեթև ձեռքով այսօր Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան։ «Գլոսիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանը նշում է, որ եթե Ռուսաստանը չվերանայի օրենքը, ապա խնդրին լուծում տալու համար կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ՌԴ միգրացիոն ծառայության պաշտոնական  կայքում գործում է տեղեկատու, որտեղ քաղաքացիները,  լրացնելով անձնագրային տվյալները, կարող են իմանալ կմեկնե՞ն Ռուսաստան, թե՞ ոչ: Սակայն այս տեղեկությունն էլ միայն տեղեկատվական  բնույթի է, այլ ոչ իրավական, ասում է հասարակականն կազմակերպության նախագահը։ «Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին երաշխավորված չէ, որ հարցման պատասխանն իր ձեռքին, օդանավից վայրէջք կատարելուց անմիջապես  հետո հայտարարեն, որ նա թույլ է տվել հերթական վարչական իրավախախտումը»։

Հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար անհասկանալի է 2014 թվականի հունվարին օրենքի ուժի մեջ մտած փոփոխությունների տրամաբանությունը. ի՞նչ հիմքերի վրա է արգելվում  Հայաստանի 180 հազար քաղաքացիների մուտքը Ռուսաստան։ Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը խնդրի լուծման համար առաջարկում է բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք համարում են, որ  Ռուսաստանը մեր ռազմական, տնտեսական և քաղաքական գործընկերն է, հավաքվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև`պայքարելու Ռուսաստան մուտքի թույլտվության համար:

 

«Գլոսիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանը տեղեկություններ ունի, ըստ որոնց, Ռուսաստանում ստեղծվել են ճամբարներ, որտեղ մեր քաղաքացիները գտնվում են ժամանակավոր պահպանման վայրերում: «Այսօր մի շարք ավիաընկերությունների կողմից ստանում ենք արձագանքներ, քաղաքացիները բողոքում են, որ ցանկանում են մեկնել ՌԴ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ճշտել իրենց նկատմամբ արգելքի որոշումը կա՞, թե՞ ոչ։»։

Այս հարցի առնչությամբ իրավապաշտպան  կառույցները  բազմիցս են  դիմել Ռուսաստանի պատկան մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվել, ասում է Աշոտ Համբարձումյանը։

Back to top button