Մշակույթ

«Մնացել էր Սարի սմբուլը». արվեստագետները՝ պատվավոր կոչումների մասին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանում անցյալ շաբաթ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Արվեստի բնագավառում պետական պարգեւների ու պատվավոր կոչումների շնորհման նպատակահարմարությանն են այսօր անդրադարձել դերասան Սերգեյ Դանիելյանն ու ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը: Արվեստագետները նկատել են, որ կոչումների և շքանշանների առատությունն իրականում ձևական բնույթ է կրում, առավել ևս, երբ դրանց փոխարեն պետությունը կարող է օգնել մի քանի ներկայացում ավել բեմադրել, քան պարգևենր բաժանել բոլորին` դրանով արժեզրկելով նաև իսկական արվեստագետներին:

«Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր Սարի սմբուլը». այսպես արձագանքեց դերասան Սերգեյ Դանիելյանը ԱԺ-ում անցյալ շաբաթ ներկայացված «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ նրա՝ օրենքի այս նախաձեռնությունը ռուսներին հաճոյանալու և ընդօրինակելու լավագույն տարբերակը չէ, առավել ևս, որ ռուսներից կարելի է սովորել նաև դրական բաներ: Սերգեյ Դանիելյանին, սակայն, ամենաշատը անհանգստացնում է արվեստագետների պահվածքն ու արձագանքը։ «Թողեք ամբողջ օրը հայհոյեն իշխանությանը, կառավարությանը, վարչապետից մինչև հավաքարար, պրեզիդենտից մինչև նախարար: Բայց հենց որ ասում են քեզ վաստակավոր են տալիս, դառնում են պուճուր, գնում են ձեռքը սեղմում ու ստանում են»։
Սերգեյ Դանիելյանի հետ համամիտ է նաև ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ում համար վիրավորական է, երբ արվեստագետնին գնահատում են միայն 60- ն անց տարիքում: «Մեր դեպուտատներն այսքան լուրջ հարցերով են զբաղվում: Սա միակ հարցն էր, որ մեզ մոտ բաց էր, և պետք է լուծվեր: Այ ընկերներ, այ պատգամավորներ, հսկայական կարևորության հարցեր կան, ի՞նչ եք կպել մանր հարցերին: Հետո անձամբ ես դեմ եմ, երբ պետք է դառնաս 70 տարեկան, նոր քեզ կոչում տան»։ Ի տարբերություն Սերգեյ Դանիելյանի՝ Նիկոլայ Ծատուրյանն ընդհանուր առմամբ կողմ է կոչումներ շնորհելուն, քանի որ դրանով արվեստագետը զգում է իրեն գնահատված: Բայց շատ ավելի ուրախ կլիներ, եթե օրինակ, այդ կոչման փոխարեն իրեն տային կոնկրետ գումար մի քանի ներկայացման համար:
Ի՞նչ կանի Սերգեյ Դանիելյանը, եթե իմանա, որ իրեն կոչում են տալիս, հարցրեցին. «Ես միանգամից ինքնասպան կլինեմ, քանի որ դա ինձ համար դիագնոզ է»,- պատասխանեց դերասանը։

Back to top button