Տնտեսական

Հայ- չինական տնտեսական համագործակցության նոր ձեւաչափ. Հայաստանը կմասնակցի «Չինաստան- Եվրասիա» ցուցահանդեսին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Չինաստանից ժամանած արդեն երրորդ պատվիրակության հետ էր հայկական կողմն այսօր քննարկում գործարար կապերի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները: Այսօր նույնիսկ համաձայնագիր կնքվեց Զարգացման հայկական գործակալության եւ Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսի քարտուղարության միջեւ: Ըստ այդմ` Հայաստանը կմասնակցի սեպտեմբերի 1- 6- ը Չինաստանում անցկացվող «Չինաստան- Եվրասիա» չորրորդ ցուցահանդեսին: Ի դեպ` այս ցուցահանդեսն այլ կերպ անվանվում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ կառուցում: Այսպիսով՝ Հայաստանը հավակնում է վերակագնել իր պատմական նշանակությունը եւ պնդում է, որ իր ուրույն տեղն ունի Մետաքսի ճանապարհում:

Հայկական կողմը, ավելի կոնկրետ Զարգացման հայկական գործակալությունը, մեկ անգամ արդեն մասնակցել է վերոնշյալ ցուցահանդեսին, բայց այն ժամանակ մեր պատվիրակությունը ներկայացուցչական չէր` ընդամենը 5-6 ընկերություն: Այս անգամ համ Հայաստանը մեծ թափով կմասնակցի, համ էլ չինական կողմը կապահովի, որ այնտեղ Հայաստանին եւ հայկական ապրանքներին ճանաչեն: Նշենք, որ այսօր ստորագրված համաձայնագրով Հայաստանը կհամագործակցի ոչ թե Չինաստանի, այլ` այդ պետության խոշորագույն նահանգներից Սինձյանի հետ: Այդ նահանգը գտնվում է Չինաստանի արեւմուտքում եւ աշխարհագրական տեսանկյունից ամենամոտիկն է Հայաստանին:

Հայաստանում կարծում են, որ այդ նահանգում բավականին հետաքրքիր հեռանկար կունենան հայկական ապրանքները: «Մենք կարծում ենք, որ մեր համագործակցությունը հնարավոր է ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերությունների, այլեւ արդյունաբերության տեսանկյունից եւ նոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից»,- ասաց «Չինաստան- Եվրասիա» ցուցահանդեսի քարտուղարության ղեկավար Լի Ցզինյուանը:

Ի դեպ` ԶՀԳ տնօրեն Ռուբերտ Հարությունյանն այսօր տեղեկացրեց, որ մտադրություն ունեն կազմակերպելու Երեւան-Ուռումչի ինքնաթիռային չվերթ։ «Դա թույլ կտա մեր ձեռնարկատերերին ավելի հեշտ հասնել Չինաստան: Այդ դեպքում Չինաստանն ավելի մոտ կլինի, քան մի շարք վվրոպական երկրներ»,- բացատրեց Զարգացման հայկական գործակալության ղեկավարը:

Կարդացեք նաև
Close
Back to top button