ԿարևորՀասարակություն

Համայնքների խոշորացման ծրագիրը կիրականացվի տեղական հանրաքվեներից հետո

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հանգստյան օրերին տարածքային կառավարման նախարարությունը գերմանական տեխնիկական համագործակցության հետ համատեղ  ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվական հանդիպում էր կազմակերպել: Փորձագետներն  անդրադարձել են Հայաստանում  իրականացվող արմատական ռեֆորմներից  համայնքների խոշորացմանը: Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը համոզված է՝ որքան շուտ սկսվի ծրագիրը, այնքան կշահեն համայնքները:  «Ամենամեծ առանձնահատկությունն  այն է, որ վերջում որոշումները կայացվելու են  տեղական հանրաքվեների արդյունքներով»,- ասել է Արմեն Գևորգյանը:

Մեր երկրի կառավարությունը, ի դեմս տարածքային կառավարաման նախարարության, հերթական  բարդ, բազմաշերտ ռեֆորմին է նախապատրաստվում: Այս դեպքում՝  մի քանի փոքր համայնքներ միավորելուն  և  խոշորացնելուն: Պիլոտային ծրագրերն արդեն պատրաստ են,  մարզպետարանների ու համայնքների ղեկավարների հետ հանդիպում քննարկումները՝  նույնպես: Առջևում՝ հանդիպում քննարկումներն են  համայնքների բնակիչների հետ: Այս կերպ այլևս հնարավոր չէ շարունակել: «Որքան շուտ սկսենք ծրագիրը, այնքան  կշահենք,- համոզված է փոխվարչապետ,  տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ով նաև վստահ է՝ ռեֆորմին դեմ գնացողներ կլինեն, առաջին դժվարություններից կլինի նաև հասարական ընկալումը։ «Համոզված եմ, որ սուբյեկտիվ գործոնները, որոնք խոսելու և աշխատելու են այս ռեֆորմի դեմ, ավելի շատ են լինելու: Առնվազն, գոնե այն մարդկանց տեսքով, ովքեր պատկերացնում են, որ այս բարեփոխումների  արդյունքում գոնե այսօրվա իրենց դիրքը, պաշտոնը կամ աշխատանքը կորցնելու են: Բայց, կարծում եմ, եթե մենք իրոք նաև այս պիլոտների արդյունքում համոզվենք, որ ճիշտ բան ենք անում, որ այս բարեփոխումները զարգացման են բերելու, ապա մնացածը զուտ հետևողական, քրտնաջան, բացատրական աշխատանքի արդյունք են լինելու»։

Գորիս, Դիլիջան, Թումանյան, Մեղրի, Վայք-Զառիթափ. հանրային իրազեկման, հասարակական կարծիքի ձևավորման ու  քննարկման աշխատանքներն  իրականացվել են: Մեկ ամսվա   ընթացքում ՏԿՆ –ում կփորձեն հասկանալ, արդյո՞ք կա ռեֆորմի բովանդակության ընկալում, եթե կա, կանցեն հաջորդ՝ կրկին կարևոր քայլերից մեկին՝   տեղական հանրաքվե կանցկացնեն՝ հասկանալու համար տեղացիների կարծիքը: ՏԿՆ առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է բոլոր քննարկումներին ու հանդիպումենրին, խոստովանում է՝  ռեֆորմի նկատմամբ իրական վերաբերմունքն սպասվածից ավելին է։ «Ասել, որ լիարժեք դրական է, իհարկե՝ ոչ։ Ես նախարարներին ամեն անգամ այդ հանդիպումներից հետո ասում եմ, շատ ավելի հուսադրող է, այնպես չի. ոչ անհաղթահարելի է, շատ ավելի հանգիստ է,քան մենք պատկերացնում էինք»։

Տարածքային կառավարման նախարարության աշխատակիցների հետ  ու նաև  միայնակ  համայնքներով շրջել, ուսումնասիրել, տեղացիներին խնդիրները ներկայացրել է համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, ով, ի դեպ,  համայնքների խոշորացման հիմանական ջատագովներից է: Հենց նա է «Գերմանական համագործակցության համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի միջոցներով 14  փնջեր նախապատրաստել: Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ ռեֆորմի ակունքներում կանգնածները վստահեցնում են, որ այս փնջերը խոշորացման արդեն պատրաստ են: Ջերմուկում, օրինակ, նախատեսվում է  միավորել Ջերմուկ, Կեչուտ  և Գնդեվազ համայնքները:

Միջազգային փորձն աչքի առաջ ունելաով, Վահան Մովսիսյանն ասում է, որ համայնքները կարող են միավորվել մեկ ընդհանուր բրենդի շուրջ։ «Բարեփոխումների կնքահայր  կարող եք համարել Հայաստանի կառավարությանը»,- ասում է Արմեն Գևորգյանն ու նշում, որ սկզբում իշխանությունում էլ  կարծիքները տարբեր էին, հանդիպումների, քննարկումների արդյունքում, սակայն, ամեն ինչ աստիճանաբար փոխվում է: «Ես կարող եմ ասել՝ երբ հարցը սկսեց քննարկվել, հարցը քննարկվեց նաև Ազգային անվտանգության խորհրդում, բոլորիս մոտ միանշանակ ձևավորվեց, որ սա անխուսափելի է: Ուշ թե շուտ սա պետք է արվի: Հետևողական, բացատրական աշխատանքի արդյունքում սա պետք է արվի, և երկրորդ, այս ամեն ինչի ամենամեծ առանձնահատկությունը այն է, որ վերջում որոշումները կայացնելու են տեղական հանրաքվեների արդյունքները: Եթե մենք տեսնենք, որ համատարած բացասական վերաբերմունք է, անել և հետո ձախողվել՝ անիմաստ է»։

Մարդն իր կյանքում ամենօրյա կենցաղում  չպետք է իր վրա էականորեն  զգա այս ռեֆորմի ազդեցությունը,- ասում է տարածքային կառավարման նախարարն ու հավելում. «ինքն ինչպես  հողի վրա աշխատել է, աշխատելու է նույն ձևով։ Միակ փոփոխությունը,որը կզգա, դեպի լավը պետք է լինի: Այդ ռեֆորմի արդյունքում այդ համայնքում, եթե մանկապարտեզ չկա, որոշ ժամանակ անց մանկապարտեզ կլինի»։

Back to top button