Հասարակություն

Անհեթեթություն է այսօր մահանալ ՁԻԱՀ-ից. մասնագետ

 

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

 

Մայիսի 18-ը ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրն է: Երեկ երեկոյան մոմավառության ակցիայուվ Հայաստանում եւս հիշել են ՁԻԱՀ-ի զոհերին: ՁԻԱՀ-ից մահանալն այսօր անհեթեթություն է, «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի» համակարգող Հովհաննես Մադոյանը, իսկ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը հավելել է, որ ՄԻԱՎ վարակից մահացության հիմնական պատճառը ուշ ախտորոշումն ու հետեւաբար բուժումն ուշացնելն է:

 

Ինչու են մարդիկ մահանում ՁԻԱՀ-ից. Այս հարցը թերեւս տալիս է յուրաքանչյուրը: Մասնագետների խոսքով՝ մահվան հիմնական պատճառը խարանն ու խտրականությունն է: «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի» համակարգող Հովհաննես Մադոյանը անհեթեթություն անվանեց ՁԻԱՀ- հիվանդությունից մահվան դեքերը, որպես լրջագույն խնդիր մատնանշելով՝ վախը: «Այսօր մարդիկ վախենում են հետազոտվելուց, երկու տարի առաջ իրազեկման պակաս կար, այժմ այդ խնդիրը չկա, մեր երկրում այսօր արդեն իրազեկվածության պակաս չկա»:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանի խոսքով՝ 2013 թ-ին ՄԻԱՎ վարակակիրների կեսը կազմել են ուշ ախտորոշվածները: «Ցավոք, չկա հիվանդության ախտանիշների դրսևորումից առաջ հետազոտման կուլտուրա: Մարդիկ վախենում են շրջապատից՝ խտրական վերաբերմունքի արժանանալու համար»:

 

Ժանետա Պետրոսյանի խոսքով՝ ՄԻԱՎ վարակի բուժուման շնորհիվ վարակի սեռական ճանապարհով փոխանցման հավանականությունը նվազում է 96 տոկոսով:
Ի դեպ նշենք, որ 1988 թվականից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1730 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը՝ 2013 թվականի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների ընթացքում:

 

Հավելենք, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 70 %-ը, իգական սեռի ներկայացուցիչներից 30%-ի մոտ ՝ արձանագրվել է վարակի 524 դեպք: ՄԻԱՎ վարակի 36 դեպք է արձանագրվել երեխաների մոտ: ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիները սեռական ճանապարհն ու թմրամիջոցների ներարկային օգտագործումն են:

 

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միության ջատագովության մասնագետ Օլյա Ալեքսանդրովան էլ կարեւորեց պետական ուշադրությունն ու բյուջետային հատկացումները: Քանի որ մինչ այժմ ախտորոշումը, բուժումն ու իրազեկման աշխատանքներն Հայաստանում իրականացվում են Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ, մահվան նոր դեպքերից խուսափելու համար պետք է արդեն մտածել պետական աջակցության մասին, չէ որ վաղ, թե ուշ դոնորական ներդրումները կավարտվեն, ասաց:

 

«Վերջին մի քանի տարիներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների դեղորայքի գնման համար գումար չի հատկազվում, մինչդեռ շատ երկրներ արդեն սկսել են պետբյուջեից ֆինանսական միջոցների տրամադրումը: Արդեն շատ երկրներ սկսել են ֆինանսավորումը՝ Ղազախստանը, Ռուսաստանն այն իրականացնում են 100 տոկոսով, Մոլդովան՝ 30 տոկոսով, Ուկրաինան 80, 2014-ից Ադրբեջանը եւս ֆինանսավորում է 100 տոկոսով»:

 

 

 

Back to top button