ԿարևորՏնտեսականՔաղաքական

ԱԺ- ում քննարկում են խոշոր բիզնեսի պարտադիր աուդիտը վերացնելու օրինագիծը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի այսօր սկսված հերթական քառօրյայի օրակարգում ընդգրկված է Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին հավանություն տալու մասին  հարցը: Ծրագիրն, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, Ազգային ժողով  է ներկայացվում կառավարության ձևավորումից հետո քսանօրյա ժամկետում, այս դեպքում՝ մինչև մայիսի 23-ը:  Նոր կառավարության ծրագիրն  արդեն խորհրդարանում է, բայց նիստերի դահլիճում այսօր չի քննարկվել: Փաստաթղթի քննարկմանը պատգամավորները ձեռնամուխ կլինեն վաղը, իսկ այսօր  խորհրդարանական օրվա հիմնական թեման եղել են ֆինասնական խնդիրները: Ազգային ժողովը քննարկել է  ԿԲ նախագահի նշանակման հարցը: Հանրապետության նախագահն այս պաշտոնում առաջիկա 6 տարիների համար կրկին առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը: 

Մինչ այսօրվա օրակարգին անցնելը՝  խորհրդարանը թեժ քննարկմամբ ամփոփեց նախորդ նիստի ընթացքում ընդհատված հարցի քննարկումը: Խոսքն օրենսդարական այն փաթեթի մասին է, որով կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Մաքսային օրենսգրքում,  նաև  նախատեսում է թեթևացնել խոշոր կազմակերպությունների ֆինանսական բեռը ու  վերացնել պարտադիր աուդիտի պահանջը: Խոշոր համարվում են  այն կազմակերպությունները, որոնց տարեկան շրջանառությունն անցնում է 1 մլրդ դրամի սահմանագիծը, իսկ այդպիսիք Հայաստանում մոտ 1000- ն են:

2015-ի հունվարի 1-ից  նրանք կարող են ֆինանսական հաշվետվությունները հրապարակվել առանց աուդիտորական եզրակացության: Այս պահանջը խոշոր կազմակերպությունների համար գործում էր 2009 թվականից և  Տիգրան Սարգսյանի կառավարության  առանցքային  քայլերից մեկն էր: Հովիկ Աբրահամյանի կառավարությունն առաջարկում է հրաժարվել պարտադիր աուդիտից՝  հիմնավորելով, թե սա կթեթևացնի խոշոր ընկերությունների ֆինանսական բեռը: Հայաստանում մոտ 40 աուդիտորական ընկերություն է գործում, միջին աուդիտի արժեքը մոտ 2 մլն դրամ է:

Խորհրդարանական ընդդիմադիր  ուժերը  առաջարկին դեմ են: ՀԱԿ-ի կարծիքով՝  այն պաշտպանում է խոշոր ընկերությունների շահերը, խրախուսում է ստվերը, նվազեցնում հաշվետվողականությունը: «Ժառանգության» հայացքով ՝ եթե աուդիտորական դաշտում խնդիրներ կան, պետք է լուծել դրանք, կատարելագործել չափանիշները և ոչ թե վերացնել  ինստիտուտը:

ԲՀԿ-ն  կողմ է աուդիտի պահանջը վերացնելուն:  Գործիքը արդյունավետ չի աշխատել, աուդիտն արվել է արվելու համար ՝ առանց հետադարձ կապի ասում է Միքայել Մելքումյանը: «Որևէ անգամ որևէ մեկը փորձե՞լ է համադրել աուդիտի համար արվող ծախսերն ու դրա արդյունքները: Ինչ-որ կերպ հասկացե՞լ ենք, որևէ օգտակար բան սա տվե՞լ է , թե՞ ոչ»:

Գրեթե նույն հիմնավորմամբ նախագիծը պաշտապանում է  նաև տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական  Վարդան Այվազյանը: Տեսականորեն գաղափարը լավն էր, գործնականում՝ ոչ արդյունավետ, ասում է հանրապետական պատգամավորն ու անընդունելի համարում ամեն ինչ սևացնելու ընդդիմադիրների մոտեցումը:

ՀՅԴ-ն դեմ է պարտադիր աուդիտը վերացնելուն՝ համոզված, որ նախագիծը պաշտպանում է խոշոր ընկերությունների շահերը, իսկ դրանց մեջ այն ընկերություններն են , որոնց գործունեությունը սոցիալական նշանակություն ունի ՝ հեռահաղորդակցություն, գազ,  էլեկտրաէներգիա: Այս ոլորտներում ֆինասական հաշվետվողականության կարիք հանրությունն ունի, ասում է Արծվիկ Մինասյանը:

Ի դեպ, պատգամավորը գործընկրեներին հիշեցնում  է նաև    ԱԺ կանոնակարգ օրենքի այն հոդվածը, որը  սահմանում է պատգամավորի էթիկայի կանոններն ու շահերի բախում հասկացությունը: Հիշեցումից հետո կոնկրետ առաջարկ: «Բոլոր այն պատգամավորները, ովքեր սեփականատերեր են և ենթարկվում են աուդիտի, նրանք իրավունք չունեն մասնակցելու այս օրենքի քվեարկությանը, ավելին` նրանք պարտավոր են հրապարակային հայտարարել շահերի բախման մասին և հրաժարվել քվեարկությունից»:

Կանսան Արծվիկ Մինասյանի հորդորին ԱԺ գործարար պատգամավորները, թե՝ ոչ, պարզ կդառնա վաղը: Օրենսդրական փաթեթը քվեարկության կդրվի վաղը:

Իսկ այսօր խորհրդարանը քննարկեց նաև  ԿԲ նախագահի նշանակման հարցը: Սահմնադրության 83-րդ  հոդվածի համաձայն ՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ,  փակ գատնի քվերակությամբ և 6 տարի ժամկետով ԿԲ նախագահ նշանակում է խորհրդարանը: Հանրապետության նախագահն այս պաշտոնում  կրկին առաջադրել է Արթուր   Ջավադյանի թեկնածությունը:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա դրա քննարկումը խորհրդարանը կսկսի վաղը: Հովիկ Աբրահամյանի կաբինետի մշակած 74 էջանոց ռազմավարական փաստաթուղթը առաջիկա տարիների սոցիալ-տնետսական գերակայությունների մասին արդեն խորհրդարանում է:  Թե ինչ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ խորհրդարանական ուժերը, առայժմ հստակ չէ: Ըստ այսօր հնչած հայտարարությունների ՝  դիրքորոշումների նախնական պատկերը հետևյալն է. ՀԱԿ-ը դեմ  է քվեարկելու ծրագրին, ԲՀԿ-ն գիտի, որ  կողմ չի լինելու , ՕԵԿ-ը կլսի կառավարությանը,  հետո միայն որոշում կկայացնի: Մյուս խմբակցություններն իրենց դիրքորոշումները կգաղտնազերծեն վաղը:

Back to top button