Մշակույթ

Ազգագրական համերգ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մասունք», «Սասնա ծռեր»,«Վերադարձ» և «Նուբար» ազգագրական խմբերի մասնակցությանբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի կունենա միասնական համերգ-ներկայացում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Նախաձեռնության հեղինակը «Նուբար» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, երաժշտագետ Լուսինե Նազարյանն է:

Չորս ազգագրական խմբեր, որոնք հանդես կգան մեկ միասնական ծրագրով: Համերգը նվիրված է մայիսյան բոլոր հաղթանակներին ու համբարձման տոնին, որն այս տարի նշվում է մայիսին: «Երկար ժամանակ այս ծրագրի շուրջ մտմտում էի ու վերջապես որոշեցի կյանքի կոչել»,-պատմում է նախաձեռնության հեղինակ, «Նուբար» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, երաժշտագետ Լուսինե Նազարյանը:

Խմբերից ավագը 7 տարեկան է, այսինքն նշված չորսն էլ երիտասարդ խմբեր են, ինչը վկայությունն է այն բանի, որ ազգագարական երգն ու պարն օտար չեն նաև երիտասարդ հայի հոգուն: «Ոլորտում կա սերնդափոխություն և դրանում իրենց մեծ վաստակն ունեն ավագ համույթները»,-ասում է Լուսինե Նազարյանը: «Ակունք», «Մարաթուկ», «Սասուն», «Կարին». այսօրվա համերգի երիտասարդ մասնակիցներից շատերի ստեղծագործական կյանքը նշված համույթներից է սկիզբ առել: «Նրանց ևս կգան փոխարինողներ, որովհետև հային հայ պահող գործոնների թվում ազգային մշակույթի դերն անգնահատելի է: Բացի այդ՝ ժողովուրդն իր ստեղծածը սիրում է, եթե անգամ խորապես չի գիտակցում դրա բացառիկ արժեքը»,-ասում է երիտասարդ երաժշտագետը:

Զուռնան ու կոպալով թմբուկն այսօր էլ կհնչեն: «Մասունք», «Սասնա ծռեր», «Վերադարձ» և «Նուբար» ազգագրական խմբերը կներկայացնեն նաև սիրերեգեր, օրորոցայիններ, հայրնասիարակն երգեր, ռազմի պարեր, կհնչեն հանդում աշխատող գեղջուկի հոգում ծնված, հոգուց հոգի դարեդար փոխանցված ու անգնահատելի մասունքներ դարձած երգերը:

Back to top button