Հասարակություն

Փոքրիկ մովսեսցիների ոսկե ձեռքերը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Ռադիոլուրի» ռեպորտաժը սահմանամերձ Մովսեսից է։ Այստեղ արդեն երկու տարի է, ինչ տեղի երեխաների ջանքերով ու նախաձեռնությամբ կիրակնօրյա դպրոց է գործում։ Երեխաները ոչ միայն Աստվածաշնչյան ընթերցումների են մասնակցում, այլ նաև ասեղնագործության ու նկարչության խմբակներ են հաճախում: Նրանց աշխատանքները, ի դեպ, ԱՄՆ- ում մեծ պահանջարկ ունեն։

Ուղիղ գծով ադրբեջանական դիրքերից շուրջ 800 մետր հեռավորության վրա գտնվող  սահմանամերձ  Մովսես գյուղի երեխաներն արդեն երկու տարի է, ինչ  եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց են հաճախում: Կիրակնօրյա դպրոցը 76 սան ունի,  այն հիմնադրվել է երեխաների ջանքերով ու նախաձեռնությամբ: Շաբաթը մեկ անգամ համայնքի 76 երեխաներն այստեղ ոչ միայն Աստվաշնչյան ընթերցումներ են կազմակերպում, այլ նաև նկարչության ու ասեղնագործության խմբակ են հաճախում:  «Երեխաների առօրյան հագեցած է:  Նրանք ասեղնագործում են ու մասնակցում ցուցահանդես- վաճառքների: Այժմ արդեն պատվերներ ունեն ԱՄՆ-ից»,- ասում է կիրակնօրյա դպրոցի պատասխանատու և ուսուցիչ Ջավահիր Բադալյանը։

Երեխաները որպես էջանիշ ծառայող խաչեր են գործում, որոնք արդեն վաճառվել են Միացյալ Նահանգներում, գործում են նաև շաքարաման, մրգաման,  թեյի սպասքի համար տաքդիրներ, սփռոցներ, բռնիչներ, գլխաշորեր (վերջինները  հավատացյալները եկեղեցի մտնելիս են օգտագործում): Ցուցահանդես վաճառքից հավաքված գումարով թելեր են գնում, որոնցով երեխաները կրկին ստեղծագործում են: Սահմանամերձ գյուղի սահմանապահ երեխաների հաճույքն ու  վայելքը միայն ադրբեջանցիներն են ժամանակ առ ժամանակ խախտում։ «Երբեմն շատ ուժեղ կրակոցներին նրանք ստիպված են լինում դասերն ընդհատել: Դրանք դադարելուց անմիջապես հետո, սակայն, երեխաների պահանջով դասերը կրկին վերսկսվում են: Ի դեպ՝ կիրակնօրյա դպրոցի շնորհիվ Մովսեսում նաև հոգևոր կյանքն է աշխուժացել»,- ասում է Ջավահիր Բադալյանը։

Դպրոցի պատասխանատուն ասում է, որ  եկեղեցական բոլոր տոները նշում են: Վերջերս   կազմակերպել են Ոտնլվայի արարողություն, որի մասնակից   12 տղաներից մի քանիսն ապագայում անպայման դպիրներ կդառնան:

Back to top button