Միջազգային

ՏԻՄ ընտրություններ Վրաստանում. դիտորդների կարծիքով՝ դրանք կլինեն վերջին 10 տարում ամենաազատը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Վրաստանը պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների: Հունիսի  15-ին երկրի խոշոր քաղաքներում՝ այդ թվում Թբիլիսիիում, կընտրվեն քաղաքապետեր, ինչպես նաև 59 տեղական վարչակազմերի ղեկավարներ։ Ի տարբերություն մայրաքաղաքի՝ Ջավախքում ակտիվ չորս կուսակցությունների ցուցակներում էլ հայերը անցողիկ տեղերում են: Վրաստանյան ՏԻՄ ընտրությունների նախընտրական վիճակի մասին «Ռադիոլուրը» զրուցել է «Բազմամզգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի հետ:

«Բազմազգ Վրաստան» ՀԿ- ն արդեն սկսել է նախընտրական վիճակի մոնիտորինգը. մի քանի հարյուր դիտորդներ հետևելու են նախընտրական պայքարին: Առնոլդ Ստեփանյանի գնահատմամբ՝ այս ընտրությունները վերջին 10 տարվա ընթացքում անցկացված ամենաազատ ՏԻՄ ընտրություններ են լինելու։ «Ճնշումներ չկան և մարդիկ կարող են իրենց ձայնը տալ այն կուսակցությանը, որին նախընտրում են: Եվ եթե ընտրությունները անցնեն խաղաղ մթնոլորոտում, ինչպիսին նախընտրական քարոզարշավն է անցնում, ապա մենք սակրեբուլոներում կտեսնենք մի քանի կուսակցություններ և ոչ թե միայն իշխող կուսակցությանը, ինչպես լինում էր վերջին տասը տարիներին (նախկին իշխանությունների օրոք)»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն գրանցել է 26 կուսակցություն ու դաշինք: «ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտ» (NDI) կազմակերպության վերջերս անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ առաջատարն այժմ իշխող «Վրացական երազանք» կոլաիցիան է, այնուհետև նախկին նախագահ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շորժում» կուսակցությունը, Նինո Բուրջանաձեի «Միացյալ ընդդիմությունը» և Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը:

«Բազմազգ Վրաստան» ՀԿ ղեկավարի խոսքով՝ այս չորս քաղաքական ուժերն էլ Ջավախքում ակտիվ են։ «Առաջին անգամ է, որ Ջավախքում ակտիվ են նաև ընդդիմադիր կուսակցությունները և տեղի հայերը ընդգրկված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմության ցուցակներում: Ջավախքում սպասում ենք առաջին հետաքրիր ընտրություններին, որի արդյունքը մինչև այդ պարզ չի լինի»:

Սակայն այլ է պատկերը Թբիլիսիիում: Այստեղ, ըստ Ստեփանյանի, գրեթե անհավանական է, որ ցուցակներում ընդգրկված հայ թեկնածուները կհայտնեն քաղաքապետարանում:

Back to top button