Հասարակություն

2020թ-ին շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը «Հայջրմուղկոյուղի» ընկերության գերնպատակն է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

«Հայջրմուղկոյուղի» ընկերությունն իր տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության 37 քաղաքային և մոտ 280 գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական սպասարկման, շահագործման և պահպանման աշխատանքների իրականացումը «Հայջրմուղկոյուղին» ծառայություններ է մատուցում 275 հազար բաժանորդների, որոնցից միջին հաշվով ամսական ծառայություններից օգտվում են մոտ 190 հազարը: Կատարված և կատարվող աշխատանքներին այսօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադարձել է ընկերության գլխավոր տնօրեն և պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը:

Բացի «Հայջրմուղկոյուղուց» այս տարվանից Պատրիկ Լորենի կառավարման ներքո են գտնվում նաև «Շիրակջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունները: Այսպիսով, ֆրանսիական «ՍԱՈՒՂ» ընկերությանն է վստահվել հանրապետության ամբողջ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, բացառությամբ Երևանի:

Ըստ Պատրիկ Լորենի, բնակիչ բաժանորդների 38 տոկոսը անցյալ տարի ստանում էր շուրջօրյա ջրամատակարարում: Սպասվում է որ այս տարի այս ցուցանիշը կկազմի արդեն 40 տոկոս:

«Մեր գերակա նպատակն է 2020 թվականին ապահովել շուրջօրյա ջրամատակարարում: Մինչ այդ ամեն տարի ավելացվում է 24 ժամ ջրամատակարարում ունեցող համայնքների քանակը: Իհարկե, դա ներդրումների և ըկերության ընդհանուր գործունեության արդյունք է»:

Ներկայումս իրագործվում են շուրջ 30 ներդրումային ծրագիր: Անցյալ տարի այս նպատակով տրամադրվել է 100 մլն ԱՄՆ դոլար, որը կներդրվի մինչև 2017 թվականը: Բացի ջրամատակարարման ժամկետի ավելացումից, կբարձրանա նաև ջրի որակը, հավաստիացրեց պայմանագրի կառավարիչը:

«Եթե 2004 թվականին ջրամատակարարման միջին տևողությունը կազմում էր 6 ժամ, ապա այսօր այդ ցուցանիշը կազմում է ավելի քան 16 ժամ»:
Մատուցվող ծառայությունների սակագինը կազմում է 179 դրամ՝ մեկ խորանարդ մետր ջրի դիմաց և գործում է 2009 թվականից: Ըստ պարոն Լորենի, այս սակագինը թեպետ 5 տարի անց վերանայման կարիք ունի, դեռ նման հայտ չի ներկայացվել:

«Իհարկե, վերջին տարիների ընթացքում բարձրացել են թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագները, թե ընկերության աշխատողների միջին աշխատավարձը: Ընդհանուր ծախսերը այսպիսով ավելացել են և ապագայում առանց սակագնի փոփոխության կդժվարանա ֆինանսական կառավարումը: Ըստ գործող կարգի, քանի որ մեր կողմից հայտ դեռ չի ներկայացվել, այս տարի սակագինը չի փոխվի»:

Այնուամենայնիվ ջրակորուստներց չի ստացվում խուսափել: Այսօր այս ցուցանիշը կազմում է 77 տոկոս, իսկ իննը տարի առաջ, երբ նոր մեկնարկեց պայմանագրի կառավարումը, այն գերազանցում էր 90 տոկոսը: Նվազեցումը հնարավոր եղավ ընդհանուր ցանցի վերանորոգման և վերակառուցման արդյունքում: Այս ուղղությամբ մոտակա տարիներին աշխատանքները կշարունակվեն:

Back to top button