ՏՄՊՊՀ-ն 20 մլն դրամ վարչական տուգանքի է ենթարկել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
ՏՄՊՊՀ-ն այսօրվա նիստում կայացրած որոշմամբ 20 մլն դրամ վարչական տուգանքի է ենթարկել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը` մենաշնորհային դիրքը չարաշահելու համար: ՏՄՊՊՀ-ին են դիմել մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 շենքի բնակիչները:
Նորակառույց շենքը մի քանի տարի առաջ է շահագործման հանձնվել: Ավարտական ակտի տակ ստորագրել է նաեւ «ՀԷՑ»-ը, սակայն ընկերությունը հրաժարվել է շենքի բնակիչներին մատակարարել էլեկտրաէներգիա` պատճառաբանելով, որ կառուցապատող ընկերությունը պարտք է 15 մլն դրամ: Խնդիրը ներկայացրեց ՏՄՊՊՀ վերլուծության վարչության մասնագետ Դավիթ Փինաչյանը. «Եթե կառուցապատողը պարտքային պարտավորություն ուներ «ՀԷՑ»-ի նկատմամբ, ապա ինչու է «ՀԷՑ»-ը վավերացրել ընդունման-հանձնման ակտը, որի արդյունքում էլ առաջացել է այս խնդիրը»:
Պարզվում է նաեւ, որ «ՀԷՑ»-ը, մինչ բնակիչների դիմումը հանձնաժողովին, քայլեր չի կատարել, որպեսզի կառուցապատողը կատարի իր գումարային պարտավորությունները: Այսինքն` չի փորձել իր պարտքը ստանալ հենց կառուցապատողից: Ավելին` չարաշահելով մենաշնորհային դիրքը «ՀԵՑ»-ը փորձել է կառուցապատողի ունեցած պարտքերը տեղափոխել շենքում բնակարան գնած քաղաքացիների վրա ու պարտադրել, որ վերջիններս վճարեն:
«Բնակիչները դրան չեն համաձայնվել` համարելով այդ պահանջը ոչ իրավաչափ»:
«ՀԷՑ»-ի ներկայացուցիչ Հովհաննես Պոտրոսյանի խոսքով` իրենց ընկերությունն առաջնորդվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ:
ՏՄՊՊՀ-ի որոշմամբ` «ՀԷՑ»-ը չարաշահելով մենաշնորհային դիրքը բնակիչներին է ներկայացրել ոչ օրինական պահանջ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց հանձնաժողովի որոշումը:
Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ նախկինում նմանօրինակ վարույթներում «ՀԷՑ»-ը արագորեն վերացրել է խախտումները: Այս դեպքում, սակայն, դա չի արել` հանգեցնելով նման որոշման կայացմանը:
Ի տարբերություն «ՀԷՑ»-ի ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում առաջին անգամ էր հայտնվել «Նոր Նորք վերելակ» ընկերությունը, կրկին` բնակիչների բողոքի հիման վրա: Բանն այն է, որ այս ընկերությունը 35 տոկոսով բարձրացրել էր համայնքի վերելակների սպասարկման վարձավճարները: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել 35 տոկոսով վարձավճարների բարձրացումն անհիմն է: Հնարավոր է հիմնավորել միայն 25 տոկոսով բարձրացումը: Ընկերության ներկայացուցիչները ընդունում են հանձնաժողովի դիտողությունները: Ասացին, որ մինչ նիստը ընկերությունն արդեն նոր պայմանագրեր է կնքել բնակիչների հետ` հաշվի առնելով հանձնաժողովի ուսումնասիրություններն ու դիտողությունները: Այս հանգամանքն իր հերթին ընդունելով հիմք` հանձնաժողովը որոշեց այս դեպքում վարչական տուգանք չկիրառել: