ԿարևորՔաղաքական

Ստատուս քվոն անկայուն է և աստիճանաբար ավելի վտանգավոր. Ջեյմս Ուորլիք

Հարկավոր է շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը։ Ստատուս-քվոն անկայուն է և գնալով ավելի ու ավելի վտանգավոր, և ամենավատ ելքը կլինի վերսկսված հակամարտությունը։ Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հարավային Կովկաս նախատեսվող այցից առաջ ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում: Ուորլիքը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կրկին հանդիպել մոտակա ժամանակներում և սկսել խաղաղության շուրջ բանակցությունները:

Հիշեցեննք, որ Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում իր ելույթի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Ուորլիքը նշել էր, որ «Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներն օկուպացված են և պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ որպես համընդհանուր կարգավորման մի տարր»: Սակայն, Ուորլիքի խոսքով, կարևոր է, որ բոլոր վեց բաղադրիչներն ընդունվեն, որպեսզի հնարավոր լինի խնդրի խաղաղ կարգավորումը։ Անդրադառնալով Twitter-ում նրա արած հաղորդագրություններից մեկին, երբ նա գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրական կողմերն Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղն են՝ Ուորլիքն ասել է. «ԱՄՆ-ն ճանաչում է միայն երկու ինքնիշխան պետություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Կան նաև տուժած կողմեր, որոնք են Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և հակամարտության հետևանքով առաջացած փախստական և ներքին տեղահանված մարդկանց խմբերը: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր տեսակետները տևական կարգավորման հասնելու ուղղությամբ մեր աշխատանքի ընթացքում»-ասել է Ուորլիքը։
Տեղեկացնենք, որ Տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր մեր երկիր կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Back to top button