Մշակույթ

Սայաթ-Նովային նվիրված երևանյան վարդատոնի տասնամյակը` այս կիրակի

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Սայաթ-Նովա» մշակութային միությունը 2014թ. մայիսի 18-ին, Երևանում, մեծ շուքով տոնելու է հայ մեծանուն աշուղ Սայաթ-Նովային նվիրված երևանյան վարդատոնի տասնամյակը: Մայիսի 25-ին պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի՝ այտեղ տոնելու թբիլիսյան վարդատոնի 100-ամյակը: Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը ներկայացյելով հոբելյանական միջոցառումները նշել է, որ Սայաթ-Նովան մեր ազգի բարձրագույն արժեքներից է: Սայաթ-Նովան հայրենիք է:

Այս կիրակի Երևանում մեծ շուքով նշվելու է հայ մեծանուն աշուղ Սայաթ-Նովային նվիրված երևանյան վարդատոնի տասնամյակը:  Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ տեղի կունենա մեծ միջոցառում ՀՀ Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի մասնակցությամբ:

Ուղիղ կեսօրին, Չարենցի փողոցից, Սայաթ-Նովայի փողոցով հանդիսության  մասնակիցները  երգերի  ուղեկցությամբ  կհասնեն Սայաթ-Նովայի  հուշարձանի  մոտ, որտեղ վարդեր կդրվեն Սայաթ-Նովայի հուշարձանին:  Իսկ տոնակատարության ավարտին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մուտքի մոտ տեղի կունենա ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի համերգը, ներկայացնելով միջոցառումների ծրագիրը` Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մայիսի 25-ին էլ Թբիլիսի Ս. Գևորգ եկեղեցու բակում՝ Սայաթ-Նովայի շիրիմի մոտ, տեղի կունենա վարդատոնի 100-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցելու են հայ և վրացի արվեստագետներ:

«Հարյուր տարի անըդմեջ տոնվել է մեր ժողովրդի ամենասիրված տոներից մեկը, որը միշտ անցկացվել է Թբիլիսիում: Արդեն 10 տարի է մենք այն նշում ենք նաև Երևանում: Ամեն տարվա մայիսի վերջին կիրակին նշվում է Թբիլիսիում, իսկ նախավերջին կիրակին`Երևանում, որ ոչ միայն չխանգարենք, այլև կարողնանանք մասնակցել և Երևանյան և Թբիլիսյան Վարդատոնին: Այս տարի բացառիկ է, որովհետև 100-ամյակը լուրջ հոբելյան է և ավելի լուրջ ենք նախապատրաստվում»:

Ռադիոլուրի հարցին, թե որքանով է Սայաթ-Նովան շարունակում արդիական մնալ և արդյոք այսօրվա երիտասարադությունը չի հեռվացել աշուղական երգարվեստից, Թովմաս Պողոսյանը պատասխանեց, որ մեր երիտասրադությունը միշտ էլ կապված է եղել ժողովրդական և աշուղական երգարվեստի հետ, այդ առումով բացառություն չէ նաև այսօրվա երիտասարդությունը:
Նշենք, որ Երևանյան միջոցառումները կազմակերպվելու են Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

Back to top button