Մշակույթ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն այս տարի կմիանա Թանգարանների միջազգային օրվան

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

1977 թվականին Մոսկվայում տեղի ունեցած թանգարանների միջազգային խորհրդի 11-րդ կոնֆերանսի պատվիրակության նախաձեռնությամբ որոշում ընդունվեց, Թանգարանների միջազգային օր հռչակելու մասին, որն ամեն տարի նշվում է աշխարհի գրեթե 150 պետություններում, այդ թվում նաև Հայաստանում: Ըստ ավանդույթի`այդ առնչությամբ մայիսի 18-ին մեր երկրում հայտարարվում է բաց դռների անվճար օր: Այս տարվա միջոցառումներին մասնակցում է նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանը:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, ամեն տարի մասնակցելով Թանգարանների միջազգային տոնին, մեծ հետաքրքրություն են առաջացնում այցելուների շրջանում, ասում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը: Դա է պատճառը, որ այս տարի նույնպես եկեղեցու թանգարանները կմասնակցեն տոնին: Մայր աթոռում այսօր գործում է հինգ թանգարան, սակայն եկեղեցու տարածքում կատարվող շինաշխատանքների հետևանքով գործող թանգարաններից այս տարի տոնին կմասնակցեն երկուսը` Մայր աթոռի թանգարանը, որը հիմնադրվել է 1869 թվականին Գևորգ 4-րդ ամենայն հայոց կաթողիկոսի օրոք և եկեղեցու հարակից տարածքում գտնվող «Ռուբեն Սևակի» թանգարանը, որն այս տարի առաջին անգամն է մասնակցում տոնին:

«Մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու այն կտավները, հարուստ ժառանգությունը, որ բարերար Ռուբեն Սևակի եղբորորդին Հովհաննես Չիլինկիրյանը նվիրաբերեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին»:

Մեր եկեղեցիներում երգչախմբերի համերգ կազմակերպելը այնքան էլ տարածված երևույթ չէ, ասում է հոգևորականը և ավելացնում, որ այս տարի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանն այցելուներին հնարավորություն կտա ունկնդրել եկեղեցու երգչախմբի երգեհոնային համերգը:

Անցյալ տարի թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Մայր աթոռի թանգարանն ունեցել է 3000-ից ավելի այցելու: Այս տարի եկեղեցու թանգարանը շեշտը դրել է հոգևոր համերգի վրա, իսկ Ռուբեն Սևակի թանգարանում կկազմակերպվի հայ արվեստին նվիրված փոքրիկ դասախոսություն: Մեսրոպյան Մատենադարնի հետ համագործակցության շրջանակներում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցին այժմ զբաղվում է ձեռագրերի ուսումնասիրությամբ, իսկ հետագայում էլ նախատեսում են թվայնացնել դրանք:

Ամռանն էլ տաճարը կկազմակերպի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն նորոգված ձեռագրերը, որոնք Տեր Ասողիկի ձևակերպմամբ, նորոգումից հետո մի նոր կյանք են ստացել:

Back to top button