Հասարակություն

Կրճատվել է վիզայի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն այսօր կազմակերպել էր հերթական հանդիպումը միգրացիայի թեման լուսաբանող լրագրողմների համար: Քննարկվող նյութը Եվրամիության երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագիր ստանալու գործընթացի դյուրացումն էր, ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի ներկայացուցիչները և Հայաստան-Եվրամիություն հարցերով փորձագետ Արմենակ Մինասյանցը: Նշենք, որ ծրագիրը «Միգրացիայի կողմնացույց» տեղեկատվական արշավի մասն է, որն իրականացվում է Եվրամիության «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում:

2014-ի հունվարի մեկին ուժի մեջ մտավ Եվրամիության և ՀՀ-ի միջև կնքված վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը, ինչի արդյունքում դյուրացված կարգով Շենգենյան վիզա կստանան պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ԵՄ երկրներում մերձավոր ազգականներ ունեցողները, ուսանողները, կրթական, գիտական, ակադեմիական, բուժման նպատակով Եվրամիություն այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումներիի մասնակիցները: Վիզան անվճար կլինի թոշակառուների , մինչև 12 տարեկան երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ուղեկցողների, ուսանողների, հետբուհական կրթությամբ զբաղվող անձանց, լրագորղների և այլ խմբերի համար, իսկ մյուսները կվճարեն զգալի զեղջերով, մասնավորապես նախկին 60-ի փոխարեն քաղաքացիներն այժմ վճարում են 35 եվրո:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի կցորդ Արման Սուֆլյանի՝ բավականին դյուրացել է դիմումների քննարկման ընթացակարգը, կրճատվել են ժամկետները և պահանջվող փաստաթղթերի ցանկը: Համաձայնագիրը գործում է Եվրամիության բոլոր երկրներում:

Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի վերբերյալ համաձայնագրերի կնքումը ենթադրում է Եվրամիության հետ նոր երկխոսություն վիզայի ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Այս գործընթացի վրա որքանով կարող է անդրադառնալ Հայաստանի արտաքին  քաղաքական կողմնորոշումը դեպի մաքսային միություն: Հայաստան-Եվրամիություն հարցերով փորձագետ Արմենակ Մինասյանցի խոսքով՝ որոշ խնդիրներ այս առումով կարող են ծագել, բայց մեծ հաշվով Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ու վիզային ռեժինի ազատականացման գործընթացների միջև էական հակասություններ չեն կարող լինել:

«Ազատականացումն, ըստ էության, երկարատև աշխատանք ու լուրջ ջանքեր պահանջող գործընթաց է»,-նկատում է փորձագետը՝ որպես առաջին անհրաժեշտ  քայլ առանձնացնելով ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին:

Back to top button