Հասարակություն

«Ժողովրդի խնդիրները լուծելու համար պետք է լինել ժողովրդի մեջ».ՀՀ վարչապետ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Մենք փորձելու ենք իշխանությունն ավելի մոտեցնել ժողովրդին, համայնքներին՝ մեր այցելություններով, փորձելու ենք առկա խնդիրների հետ ավելի մոտիկից ծանոթանալ և դրանց լուծումներ տալ»,-Արագածոտնի մարզի Կոշ համայնքում այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարն այցելել է համայնքի նորաբաց մանկապարտեզ ու «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոն:

«Ժողովրդի խնդիրները լուծելու համար պետք է լինել ժողովրդի մեջ»,- այսպես կարծում են Արագածոտնի մարզի Կոշ համայնքի բնակիչները: Նրանք խոստովանում են՝ միշտ չէ, որ իրենց հիշում են, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաները:

Այս համայնքի բնակիչներն այսօր ունեինք հնարավորություն՝ իրենց հուզող բոլոր հարցերը ներկայացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Իսկ հարցրեն ու խնդիրները՝ տարբեր էին՝ բնակարանից մինչև համայնքի էլեկտրական լարերի վերանորոգում: Կոշում ծնված ու Արագած համայնքում ամուսնացած Քրիստինե Երանոսյանի ամուսինը զինծառայող է, երիտասարդ ընտանիքն այժմ Կոշում է բնակվում, ուրիշի տանը, գուցե առաջիկայում այս ընտանիքն ունենա իր սեփական տանիքը:
Ընտանիքի մայրը խնդրանքով դիմեց Հովիկ Աբրահամյանին, վերջինս էլ ՝ նրան առաջարկեց նամակ գրել: Մի քանի րոպե անց նամակն արդեն Երանոսյանի ձեռքին էր: Կոշեցիներն այսօր մի մարդու նման համայնքի նորակառույց մանկապարտեզի շենքի մոտ էին հավաքվել, ԽՍՀՄ փլուզումից հետո այս համայնքը վերջապես մանկապարտեզ ունեցավ: Շենքն ամբողջովին կառուցվել է «Աննա և Ռազմիկ Թադևոսյանների» ֆինանսական միջոցներով:Մանկապարտեզի տնօրեն Զառա Անտոնյան.«Ամբողջ մանկապարտեզի 90երեխայի համար է նախատեսված, այժմ 70 երեխա արդեն հաճախում է»:

Մանկապարտեզում սպասք դեռ չկա, անհրաժեշտ պարագաների ցանկը նրանք կառավարության ղեկավարին փոխանցեցին, ավելին, համայնքի տարրական դպրոցի շենքի վերականգնման նախագիծը գուցե նույնպես կազմվի, սա էլ՝ դպրոցի տնօրենի խնդրանքով, մոտավորապես անհրաժեշտ կլինի 40 մլն դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծում է՝ հանրապետության 915 համայնքներից ոչ բոլորում կան մանկապարտեզներ, միաժամանակ նաև նկատում է, որ կառավարությունը կաջակցի համայնքներին, քանի որ համայնքները բավարար ֆինանսական միջոցներ չունեն: Կոշեցիների հետ շփվելիս, կառավարության ղեկավարը նկատել է.«Ըմբռնումով են մոտենում այն առկա խնդիրներին, որ կա մեր երկրում, դա շատ լավ է, բոլորը հասկանում են, որ դրա համար ժամանակ է պետք, որպեսզի իշխանությունն այս խնդիրներին լուծում տա: Մենք փորձելու ենք իշխանությունն ավելի մոտեցնել ժողովրդին, համայնքներին՝ այցելություններով, փորձելու ենք առկա խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալ և լուծումենր տալ: Բոլորը հասկանում են, որ չունենք կախարդական փայտիկ, որ մեկ անգամից բոլոր խնդիրները լուծենք, բայց ժողվուրդը պետք է հասկանա, ընկալի, որ ժամանակ, ծրագիր և իրականացում: Դա շատ կարևոր է»:

Կոշի ու ոչ միայն տարբեր խնդիրներ ունեցող 25 հաշմանդամ երեխա արդեն երկու ամիս է, ինչ «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում անցկացնում են իրենց առօրյան, բուժվում են, փորձում են ինտեգրվել հասարակությանը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ «Հիմնականում իրականացնում են մանկական վերականգնողական աշխատանքներ»:

Կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանը նշեց, որ ծառայությունները վճարովի են, կենտրոնի աշխատակիցներն իրենք են հոգում երեխաներին տներից կենտրոն բերելու և տուն վերադարձնելու հարցերը, երեխաներն ու նրանց ծնողներն այստեղ երկու անգամ սնվում են, հանգստանում, բուժում ստանում, յուրաքնաչյուր երեխայի համար անհատական ծրագիր է կազմվում, բոլոր ծառայություններից օգտվելը մեկ ամսվա համար կազմում է 135 հազար դրամ է կազմում, որի 85 հազար դրամը բարերարներն են վճարում, 50 հազար դրամն էլ՝ ծնողները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տպավորված է.«Ես մի քիչ ազդվեցի, բայց նաև ուրախ եմ, որ նման մոտեցում, վերաբերմունք կա մեր հաշմանդամ երեխաներին: Որպես կառավարություն, մենք կնպաստենք, որ հաճախող երեխաների թվաքանկն ավելանա: Կա պահանջարկ, այսօր 25 երեխա է այցելում կենտրոն,սակայն, այն կարող է 50 երեխա ընդունել»:

Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ որևէ կառույց նախագծելիս, անպայման պետք է հաշվի առնվի, որ դրանից օգտվելու են նաև հաշմանդամները:

Back to top button