Արմեն Աշոտյան.«Այսօր 9-րդ դասարանից` տարբեր դրդապատճառներով, կրթությունը չեն շարունակում 3 հազար երեխա»


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Այսօր խորհրդարանում շարունակվել է արտահերթ աշխատանքը` կառավարության առաջարկած օրակարգով: Կարգի համաձայն, արտահերթ նիստի դեպքում պատգամավորները պետք է աշխատենք այնքան ժամանակ, մինչեւ սպառեն ներկայացված օրակարգը: Այս շաբաթվա ընթացքում պատգամավորներին չի հաջողվում հասնել օրակարգի ավարտին` չնայած հնչող կոչերին, ավելի արագ աշխատել, փորձել շատ հարցեր չուղղել զեկուցողներին: Պատգամավորներն անընդհատ հանդիպում են նախագծերի, որոնք մանրակրկիտ քննարկումների անհրաժեշտություն ունի: Այդպես էր նաեւ այսօր` Կրթության եւ Հանրակրթության մասին օրենքներում առաջարկվող փոփոխությունը:
Այսօր խորհրդարանի աշխատանքային վերջին օրն է, բայց պատգամավորները չեն հասցնում սպառել Կառավարության առաջարկած արտահերթ նիստի օրակարգը, իսկ երկուշաբթի սկսվելու է արդեն հերթական քառօրյան: Կարգի համաձայն, եթե օրակարգը այդպես էլ չսպառվի, ապա կառավարությունը պետք է հետ կանչի չքննարկված օրենքները: Ինչ վերաբերում է արդեն քննարկված եւ այսօր քվեարկության դրված նախագծերին, ապա խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց գնումների մասին ու պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Հիշեցնենք, երեկ այս հարցը թեժ քննարկումների առիթ դարձավ, քանի որ նախագծով առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնյաների սննդի, գործուղման, տրանսպորտային միջոցների եւ այլ ծառայությունների վրա ծախսված գումարները ներառել գաղտնի բաժնում:
Աժ-ի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ձեւակերպմամբ, օրենսդրական կուտակումների մեջ էր մնացել նաեւ Կրթության եւ Հանրակրթության մասին օրենքներում առաջարկվող փոփոխությունը: Ըստ նախագծի` անվճար եւ պարտադիր կրթությունը դառնալու է 12-ամյա` այսօրվա 9-ամյայի փոխարեն: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած թվերով այսօր 9-րդ դասարանից` տարբեր դրդապատճառներով, կրթությունը չեն շարունակում 3 հազարից 5 հազար երեխա:
Այսքան նոր աշակերնտերը, սակայն, չեն ապահովելու նոր աշխատատեղեր: Նախարարի խոսքով, այսօր թերբեռնված են բազմաթիվ դպրոցներ եւ ուսուցիչներ, որոնք հետագայում անցնելու են նորմալ աշխատանքային ռեժիմի: Ինչ վերաբերում է բովանդակությանն, ապա նախարարությունում մտածում են գյուղական համայնքների դպրոցներում, վերջին երեք տարվա ընթացքում աշակերնտներին սովորեցնել, ասենք`գյուղատնտեսական հիմքեր առարկա: Նախարարը ոչ մի վատ բան չի տեսնում, որ քաղաքների դպրոցներում այդ վերջին տարիներին կրկնություններ են անցնում: Նշում է, որ կրկնուսույցները նույնպես աշակերտների հետ նոր բան չեն պարապում: Իսկ որպեսզի բարձրանա դպրոցի դերը նախատեսվում է բարձրացնել ավարտական ատեստատի նշանակությունը ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների ժամանակ:
Ինչ վերաբերում է այս դեպքում կոռուպցիոն ռիսկերին, երբ ծնողները պարզապես կգնեն բարձր գնահատականներով ատերստատներ, ապա այստեղ խնդիրը ավելի խորքային է:
«Այս կոռուպցիոն ռիսկերի մեջ շահառուների թիվն այնքան զգալի է, մեծ է, որ քանի դեռ ուսանողը շահագրգիռ է, որ լինի կոռուպցիա բուհում, ուզում ես 15 հատ կրթության նախարար բեր ու բոլորը լինեն օրինակ, ՀԱԿ-ից: Կապ չունի, չի փոխվելու: Քանի ուսանողը շահագրգիռ է փող տալու մեջ, ծնողը շահագրգիռ է փող տալու մեջ, տնօրենը, բնականաբար, վերցնում է, ես ավելորդ եմ այդ խաղի մեջ դառնում, դուք էլ եք ավելորդ դառնում: Իրենք տակերում լավ էլ իրար հետ աշխատում են»:
Ըստ Աշոտյանի` այստեղ արդեն պետք է աշխատել մոտիվացիաների վրա, որ աշակերտն` ինքը, շահագրգռված լինի որակյալ կրթություն եւ գիտելիք ստանալու համար: