Հասարակություն

Նախախորհրդարանն ստեղծել է Արդարության ատյան

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ընդդիմադիր դաշտում հանդես եկող «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը ձևավորել է Արդարության ատյան որպես Հայաստանում անցումային արդարադատության սկզբունքով գործող այլընտրանքային դատական անկախ մարմին: Այն բաղկացած կլինի մինչև 12 ատենակալներից, որոնցից 7 –ն արդեն ընտրված են: Նորաստեղծ կառույցի անդամները չեն թաքցնում իրենց մտահոգությունը երկրի դատա- իրավական առկա համակարգի, իրենց բնորոշմամբ, խորը ճգնաժամային վիճակով: Ըստ ատյանի ատենակալ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանի՝ ներկա դատական իշխանությունը անկախ չէ և գործում է «անիրավ և անարդար փաստացի և օրենսդրական դաշտերում»։

Դատարանները կախում ունեն իշխանություններից և այդ պայմաններում ի զորու չեն իրականացնել արդարատություն, համոզված է Ալեք Ենիգոմշյանը: Նորաստեղծ ատյանի գործունեության թիրախում են լինելու հիմնականում իշխանությունների ներկայացուցիչների կամ նրանց շահառուների մասնակցությամբ քրեական գործերը՝ ինչպես դատական, այնպես էլ նախաքննական փուլերում: Արդարության ատյանի սեղանին է արդեն հայտնվել «Հարսնաքարի» գործը:

Նորաստեղծ կառույցի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ասաց, որ ատյանի անդամները իրավաբան չեն, իսկ իրավական հարցերով զբաղվելու է հատուկ մասնագիտական խումբը: Նա նշեց, որ ատյանը սուղ պայմաններից ելնելով ի զորու չէ բավարարել բոլոր դիմողներին։

Back to top button