Մշակույթ

Վերջին հրաժեշտը՝ Սվետլանա Գրիգորյանին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հակոբ Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում  այսօր վերջին հրաժեշտն են  տվել  հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկին՝ ՀՍՍՀ  ժողովրդական արտիստ, Հ.Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի   թատրոնի դերասանուհի , հայ կատակերգուների դպրոցի  վերջին նշանավոր ներկայացուցիչ  Սվետլանա Գրիգորյանին:  Հուղարկավորությունը տեղի է ունեցել  Երևանի քաղաքային պանթեոնում: Սվետլանա Գրիգորյանը  ծնվել էր 1930 թվականին  Երևանում: Դեռ  թատերական ուսումնարանի սան էր, երբ  կյանքը կապեց բեմի հետ: Հիսունհինգ տարի Սվետլանա Գրիգորյանը  խաղացել է  հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ: Կերտել է 100-ից ավելի դերեր: Հայկական հեռուստաթատրոնի հիմնադիրներից է: 

Մոտ մեկ տարի պառկած էր ու չէր շարժվում: Սվետլանա Գրիգորյանը հարազատ թատրոնում եղել է  մեկ ու կես տարի առաջ: «Խաղացած վերջին ներկայացումը Մեր տան տերերը» բեմադրությունն էր: Սվետլանա Գրիգորյանը խաղացել է բազմաթիվ դերեր, սակայն  ամենահայտնին «Տաքսի- տաքսի»- ում Ռոզի դերակատարումն էր: «Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, ծիծաղի թագուհին, որը  60 տարուց ավելի մարդկանց ծիծաղ նվիրեց, ստեղծեց  բեմական կերպարներ, որոնք ընդմիշտ կմնան  հայ բեմարվեստի պատմության մեջ»,- ասում է Հակոբ Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի  պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը։

Բեմական գործունեության երկար ճանապարհին աննախադեպ էր նրա դերախաղը  հայ բեմի լեգենդ  Կարպ Խաչվանքյանի հետ: Ճակատագրական եղավ նրանց հանդիպումը  1949 թվականին «Մի քաղաք կա Վոլգայի վրա» օպերետում, որ շարունակվեց ավելի քան 55  տարի:  Կարպ Խաչվանքյան-Սվետլան Գրիգորյան   հրաշալի զույգը   խաղաց տասնյակ դերեր՝ միմյանց լրացնելով ու ներկայացումները դարձնելով  կատարյալ բեմական հրավառություն: Հանրապետության վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանի բնորոշմամբ՝ երկու հոգով կարծես մեկ կերպար էին ներկայացնում, իսկ նման միասնությունը բեմում բացառիկ երևույթ է։

«Սվետլան Գրիգորյանի  կյանքը թատրոնին անմնացորդ  նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր, կյանք էր»,- սա էլ  ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքերն են։

Back to top button