Որոնք են նոր վարչապետի խաղի կանոնները


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Վարչապետի երեկվա հանդիպումը գործարարների հետ պետք է անմիջականության շրջանակներում դիտարկել: Այս կարծիքն է հայտնել ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ նրա` ազատ, անկեղծ խոսակցության արդյունքում է խնդիրներին լուծումներ գտնվում: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի գնահատմամբ` խնդիրը խաղի կանոնների փոփոխության մասին է, քանի որ այսօրվա իրական շուկայական տնտեսության պահանջները չեն բավարարում: Եթե փոխվում են խաղի կանոնները, ապա` դրա մասին պետք է պայմանավորվել` նկատել է ԲՀԿ-ական պատգամավորը` վարչապետի եւ գործարարների երեկվա հանդիպումը գնահատելով հենց այդ տեսանկյունից:
Եթե անկեղծ մթնոլորտ չկա` դժվար է հավատալ հետագա հաջողություններին` ասաց հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա վստահ է, որ երեկվա հանդիպումն այդ առումով արդյունքներ կունենա, քանի որ անկեղծության մթնոլորտում է անցել: Ինչ վերաբերում է օրենքի դաշտում աշխատելուն առնչվող շեշտադրումներին.
«Մենք ԱԺ-ում տեսնում ենք, որ արդեն իսկ ստանում ենք այդ օրենսդրական նախաձեռնությունները եւ դրանք, կարծում եմ, խոշոր հաշվով, միտված են հենց ամբողջ այդ տնտեսական, ներդրումային եւ, ընդհանրապես, ձեռներեցությամբ զբաղվողների դաշտը բարելավելուն»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի գնահատմամբ` կարեւորը բովանդակային մասն է: Այն, թե ինչ է խոսվում: Նկատելով, որ երեկվա հավաքին մասնակցել են հիմնականում խոշոր գործարարները, որոնք նաեւ խոշոր հարկատուներն են` ԲՀԿ-ական պատգամավորը հետեւյալը նկատեց.
«Խոսքը գնում էր խաղի կանոնների մասին, թե` ինչպիսին պիտի լինեն խաղի կանոնները: Այն, որ, այո, պետք է հարկերը վճարվեն: Այսինքն` մենք եթե խնդիր դնենք, որ ստվերային տնտեսությունը պետք է հասցնենք նվազագույնի, որեւէ խնդիր չեմ տեսնում: Դա նշանակում է, որ այսօրվա շուկայական իրական տնտեսության պահանջները չեն կարողանում բավարարել փոքրին, միջինին, ինչ-որ տեղ` խոշորին, թոշակառույին, ուսանողին եւ մյուսներին եւ դրա արդյունքում, միգուցե, ինչ-որ տեղ թողնվել է, որ ինչ-ոչ մի մաս մնա այդ ստվերային տնտեսության, եւ եթե հիմա մենք ավելի ուժեղացնում ենք ճնշումը` ասելով, թե խաղի կանոնները պետք է այսպիսին լինի. Դրա մասին պետք է պայմանավորվել»:
Խաղի կանոնների մասին պայմանավորվելը ԲՀԿ-ական պատգամավորը նորմալ է գնահատում: Նրա խոսքով, սակայն, խնդիրը բովանդակության մեջ է: Նա նկատեց, որ յուրաքանչյուր նոր վարչապետի օրոք նման հանդիպումներ լինում են, բայց հետագայում դրանք շարունակություն չեն ունենում: ԲՀԿ-ական պատգամավորը հույս հայտնեց, որ առաջիկայում բարի նպատակներով բերվող օրենքների փաթեթներն իրենց նպատակին կծառայեն:
Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի խոսքով` ժամանակն իր գնահատականը կտա: Մինչ այդ, մի բան, ըստ նրա, պետք է նկատել` արվում են որոշակի քայլեր, որոնք իրականացնում է կառավարությունը: Մասնավորապես` օրենքներում փոփոխությունների նախաձեռնություններ, որոնք ինքը դրական է գնահատում: Հանրապետական պատգամավորի տպավորությամբ` բոլորն էլ գիտակցում են, որ քննադատելը` զուտ քննադատելու համար, դեպի տաճար տանող ճանապարհը չէ: Հտեւաբար, ըստ Արտակ Դավթյանի, բոլորի խնդիրը մեկն է` ինչ անել, որ բերվող օրինագծերում դրվող նպատակներն իրականանան ու օրենքները ծառայեն իրենց նպատակին:
Անդրադառնալով կառավարության ծրագրին, որ առաջիկայում բերվելու է ԱԺ` ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը շեշտեց, որ իրենք դնելու են ծրագրի կատարման երաշխիքների մասին դրույթ, որը պետք է լինի ծրագրի անբաժանելի մասը: Նպատակը մեկն է` հստակորեն դնել ծրագրի չկատարման համար պատասխանատվության հարց. «Եթե չի իրականացվել այն, ինչ ծրագրում ամրագրված է, ապա ինչ է լինելու դրա հետեւանքով: Ասենք` թողնվում է բարձր քաղաքական հայեցողությանը, թե ավտոմատ աշխատում է այդ պատասխանատվության ինստիտուտը»:
Միքայել Մելքումյանը, սակայն, չհստակեցրեց, թե որ դեպքում ինչպիսին կլինի ԲՀԿ-ի դիրքորոշումը կառավարության ներկայացնելիք ծրագրի նկատմամբ: Աջակցում է դրան, թե` ոչ: Միայն ասաց, որ ԲՀԿ-ն ի օգուտ երկրի ու ժողովրդի ցանկացած դրական երեւույթի աջակցելու է, ապա հավելեց:
«Տալ առաջարկ, որ պատասխանատվության ինստիտուտ եմ ամրագրում ծրագրում, չգիտեմ, դա աջակցել է, թե ոչ: Դա նշանակում է, որ եթե կառավարությունն իր ծրագրերը չիրականացրեց` ավտոմատ է պատասխանատվության գործիքը աշխատում: Հիմա, դուք մեկնաբանեք դա աջակցել է, թե` չէ»:
Թե նախկինում, թե հիմա անձի հետ խնդիր չենք ունեցել, կուրսի փոփոխության խնդիր է` հավելեց պատգամավորը: Ըստ նրա` եթե տեսնեն, որ կուրսի փոփոխություն չկա, ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են, ապա դա իրենց չի բավարարի: