ԿարևորՔաղաքական

«Գաղտնի բառը թաքուն բառը չէ». ԱԺ նախագահը հանգստացնում է պատգամավորներին (լրացված)

լրացել է ժամը 17։36- ին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանը վերջապես ավարտեց Կուտակային կենսաթոշակի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումը: Տեղի ունեցավ վերջնական քվեարկությունը: Իսկ մինչ այդ պատգամավորներից ոմանք հայտնեցին իրենց վերջնական դիրքորոշման մասին: Ի դեպ` ԱԺ այս արտահերթ նստաշրջանն այնքան է հագեցած, որ արդեն առավոտվանից պարզ էր. կառավարության ներկայացրած օրակարգը չեն հասցնի սպառել մինչեւ օրվա վերջ, ուստի վաղն էլ են աշխատելու: Այսօր քննարկված հետաքրքիր նախագծերից մեկը վերաբերում էր «Գնումների մասին» եւ «Պետական ու ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին: Այս հարցի համատեքստում շատ հնչեցին նախկին վարչապետի անունը ու նրա հետ կապված սկանդալային բացահայտումները:

Խորհրդարանն այսօր ավարտեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումը` վերջնական քվեարկելով 67 կողմ, 18 դեմ եւ 29 ձեռնպահ: Ընդդիմադիր պատգամավորները հիմնականում քվեարկեցին դեմ կամ ձեռնպահ, քանի որ, չնայած կառավարության կողմից արված զիջումներին, այնուամենայնիվ, օրենքում մնացել են բազմաթիվ չլուծված հարցեր: Ամեն դեպքում՝ կարգի համաձայն՝ ԱԺ-ում օրենքն ընդունվելուց հետո այն ուղարկվելու է ՀՀ նախագահի ստորագության, պաշտոնական տեղեկագրքում հրապարակվելուց հետո միայն այն կստանա գործող օրենքի ուժ:

Ինչ վերաբերում է արված փոփոխություններին, ապա հիշեցնենք, որ կուտակային վճարները չեն հաշվարկվի եւ չեն փոխանցվի, եթե մասնսակիցը գործատուին ներկայացնի պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին դիմում: Ի դեպ` այս դրույթը ստանում է հետադարձ ուժ եւ տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: Օրենքից հանվել է նաեւ պատասխանատվություն սահմանող հոդվածը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սրանք, հիշեցնենք, անցումային դրույթներ են. առաջիկայում նախատեսվում է կենսաթոշակային բարեփոխումների երկրորդ փուլ։

Քվեարկություններից հետո խորհրդարանն այսօր անցավ մի հարցի քննարկման, որն առաջացրեց պատգամավորների տարակուսանքը եւ պատճառ հանդիսացավ, որ պատգամավորների ելույթներում անընդհատ հնչեցվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը պատգամավորներին ներկայացրեց «Գնումների մասին» եւ «Պետական ու ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները։ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության սննդի եւ տրանսպորտային սպասարկման` այդ թվում, տրանսպորտի տեխնիկական սպասարկման, նորոգման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները նույնպես ներգրավել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում, նմանատիպ փոփոխություն անել նաեւ Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենքում։

Հենց այստեղ էլ առաջացան բազմաթիվ հարցադրումներ: Ինչո՞ւ, օրինակ` 18 տարի շարունակ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը հնարավոր էր ապահովել առանց այս լրացուցիչ գաղտնիության եւ հանկարծ հիմա այդ անվտանգությունն ապահովելու համար պետք է հարկատուներից գաղտնի պահել ասենք` սննդի, կեցության, տրանսպորտային միջոցների եւ այլ նպատակներով արված ծխասերը: Ընդդիմադիր պատգամավորները համոզված են, որ այս նախագիծը ծնվել է սկանդալային բացահայտումներից հետո։ «Բոլորիս հայտնի է, թե այս նախագիծը երբ ծնվեց, երբ որ սկանդալային ձեւով մամուլում գրվեց այն ինքնաթիռների, տոմսերի, ծախսերի մասին, ինչ որ նախկին վարչապետն արեց։ Մոտ 200 հազար էր, ինչ էր, թիվը չեմ հիշում: Դրանից հետո կառավարությունը մտավ այս նախագծով»,- ասում է ԲՀԿ- ից Ստեփան Մարգարյանը։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ վերջին շրջանում որեւէ արտառոց դեպք չի եղել։ Բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության որեւէ սպառնալիք չի եղել ծախսերի հրապարակման հետ կապված: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տարակուսում էր, թե ինչու է այսպիսի օրենքը բերվել Աժ-ի արտահերթ եւ խիստ ծանրաբեռնված օրակարգով։

Նույնիսկ ՀՀՀԿ խմբակցության պատգամավորները, մասնավորապես, Արփինե Հովհաննիսյանը, ուշադրություն հրավիրեցին, որ ներկայացված օրինագծում կան թերի ձեւակերպումներ, որոնք հակասում են հենց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին: Պատգամավորների արտահայտած անհանգստությունը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փարատեց այսպես. «Գաղտնի բառը դա թաքուն բառը չէ: Դա բացարձակ իմաստ չունի: Այդ բոլոր ծախսերի մասին բոլորս էլ իմանալու ենք: Մենք հենց գաղտնի բառը լսում ենք, մտածում ենք այդտեղ ինչ որ մի երեւույթ կա»։

Քանի որ խորհրդարանը չի հասցնում սպառել կառավարության ներկայացրած օրակարգը, պատգամավորները խիստ ծանրաբեռնված ռեժիմով կաշխատեն նաեւ վաղը:

Back to top button