Քաղաքական

Ըստ Հայրիկյանի՝ Ֆրանսիայի նախագահի այցը ժողովուրդներին ուղղված պատգամ էր

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի այցը մեր տարածաշրջան բավականին կարևոր իրադարձություն էր՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Կարևոր էր նաև այն դիտանկյունից, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից դիտվում է որպես իր ազդեցության տակ գտնվող շրջան, և այդտեղ գալիս է արևմտյան խոշոր երկրներից մեկի նախագահը։ «Կարևոր էր նրա հայտարարությունը, որ Հայաստան-Ֆրանսիա տնտեսական կապերը չեն համապատասխանում այն սերտ հարաբերություններին, որ կան երկու պետությունների ու ժողովուրդների միջև ու դրանք պետք է զարգացել»,- ասում է Մանոյանը։

Նրա կարծիքով` Հայաստանի իշխանությունների ձախողումն այցի շրջանակներում այն էր, որ այցելության ոչ մի միջոցառմանը ընդդիմությունից մարդ հրավիրված չէր՝ հակառակ նրա, որ Օլանդի պատվիրակությունում ներգրավված էին քաղաքական տարբեր կողմնորոշումեր ունեցող մարդիկ։

Իսկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նկատում է, որ Ֆրանսիայի նախագահի այցը պատգամ էր՝ ուղղած ժողովուրդներին. այն է՝ Հայասատանի ու Ադրբեջանի ժողովուրդները զրկված չեն Եվրոպական միության հետ համագործակցելու հեռանկարից։

Կիրո Մանոյանն անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերությունների ակնկալվող զարգացումներին` կարևորեց այն հայտարարությունը, որ 2015-ի ապրիլի 24-ին Օլանդը լինելու է Երևանում և այն, որ Թուրքիան պարտավոր է ընդունել Ցեղասպանությունը:

Հայրիկյանն էլ չցանակացավ խոսել այդ թեմաներից՝ նշելով, որ ցեղասպանությունը երևույթ է, որն ունեցել է հետևանքներ,և պետք է նախ այդ հետևանքները վերացնել, քանի որ մենք պետություն ենք։ «Մեռա բացատրելով, որ ցեղասպանության ճանաչումը ողորմելի վիճակում գտնվող ազգի խնդրանք է։ ԱՄՆ վաղուց ճանաչել է ցեղասպանությունը, Ռեյգանը նույնպես, ի՞նչ եք ընկել Օբամայի հետևից։ Օբաման Ռեյգանի դեմ ո՞վ է»։

 

Back to top button