Սպորտ

«Աշխարհի չեմպիոնի կոչումը վերանվաճելուց հետո, հանգիստ կարող եմ ապրել».Արթուր Աբրահամ

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօր հանդիպել եւ իր վերջին հաջողության մասին է պատմել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: «Վերջին երկու տարում հանգիստ չունեի, հիմա արդեն խիղճս հանգիստ է, որ կարողացա նորից երանվաճել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը», անկեղծացել է Արթուր Աբրահամը:

Վերջին՝ իր համար չափազանց կարեւոր հաղթանակից հետո ,Արթուր Աբրահամը Հայաստանում է: Մինչեւ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման վերանվաճումը, ինչպես ինքն է ասում, քունը կորցրել էր: Այժմ արդեն բացի աշխարհի չեմպիոնի կոչումից նաեւ հոգեկան հանգստությունն է վերանվաճել։ «Միշտ սիրում եմ հաղթող լինել, ամեն հարցում, եվ սպորտում, եւ կյանքում»:

Արթուր Աբրահամը մի քանի օր անց կվերադառնա Գերմանիա, եւ կշարունակի իր մարզումները: Թե ինչ դժվարությունների միջով է անցել մինչեւ վերջին մենամարտը, եւ հենց մենամարտի ժամանակ, թերեւս գիտի միայն ինքը: «Շտիգլիցի մենամարտից հետո աջ ձեռքս վնասվել էր, դրա համար միայն ձախով էի հարվախում, իհարկե հակառակորդը չգիտեր այդ մասին , որ հոգեբանական առավելություն չստանար: Գիպսն արդեն հանել եմ: Բոլոր մարզումները մինչև այդ միայն ձախ ձեռքով էի անկացնում»:

Լրագրողների խնդրանքով Աբրահամը ներկայացրեց նաեւ, ինչպես ասում են, «մեդալի մյուս կողմը» ՝ որը կոչվում է համառ աշխատանք, նվիրվածություն ու նպատակասլացություն. «Առավոտյան արթնանում ես, պարապմունք, երեկոյան պարապմունք, երիտասարդ տարիներդ անցնում են, ավելի վատ բան չկա քան ծարավի զգացողությունը, երբ ծարավ ես, սակայն պետք է քաշ գցես»:

Առաջիկա երկու տարում Արթուր Աբրահամը դեռ կմնա պրոֆեսիոնալ սպորտում, կարիերայի ավարտից հետո էլ ինչպես ինքն ասաց, կվայելի կյանքը, սակայն ոչ Հայաստանում: «Որպես մարզիկ կայացել եմ Գերմանիայում, այնտեղ այլ գործեր էլ ունեմ, իսկ գալ Հայաստան եւ կառավարել այստեղից դժվար կլինի: Բայց կապը Հայաստանի հետ միշտ պահպանելու եմ, քանի որ շատ եմ սիրում իմ հայրենիքը», ասաց:
Կարեւորելով իր ձեռքբերումը՝ Արթուր Աբրահամն ասաց, որ այժմ իր համար առաջնային է դրա պահպանումը: Առջեւում դեռ երկու մենամարտ ունի, ասաց՝ օգոստոսին ու դեկտեմբերին:
«Իմ համար առաջինը տիտղոսի նվաճումն էր, իսկ հիմա այն պահպանելն է»:

Արթուր Աբրահամի նախասիրությունը ֆուտբոլն է. Ֆուտբոլային ակումբներից երկրպագում է «Բարսելոնա»-ին: Առանձնակի հետաքրքրությամբ էլ հետեւում է Հայաստանի Ազգային հավաքականի խաղերեին: «Եթե Գերմանիայում լինեմ, ապա հունիսի 6-ին ներկա կգտնվեմ Գերմանիա -Հայաստան խաղին»,- խոստացավ:

Back to top button