ԿարևորՔաղաքական

Քաղաքագետ.«Ադրբեջանական իշխանությունները միշտ էլ բանակցել են Լեռնային Ղարաբաղի հետ»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Դեռ 1993 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես հակամարտության կողմ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հիշեցրել է քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը: Նա ներկայացրել է այն փաստաթղթերի պատճենները, որոնք փաստում են այդ մասին: Ավելին` ներկայացված փաստաթղթերից մեկում Հեյդար Ալիեւի ստորագրությամբ Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը հանձնարարվել է զինադադարի խնդրանքով բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ: Ըստ էության այս փաստաթուղթը վկայում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն ընդունում է նաեւ որպես հանրապետություն: Գագիկ Համբարյանը շեշտել է, որ տվյալ փաստաթղթերը հրապարակել է ԵԱՀՄ Մինսկի խմբի ռուսաստանցի առաջին եւ երկարամյա համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, որը բավական մեծ փորձառություն է ձեռք բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Քաղաքագետ-պատմաբանի խոսքով` մեր դիվանագիտությունը պետք է կարողանա բանակցային գործընթացներում կիրառել նաեւ նման փաստաթղթերը:

Մայիսի 12-ին լրացավ հրադադարի 20-ամյակը: Զինադադարի պայմանագիրը կնքել էին Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի ներկայացուցիչները: 1996-ից հետո Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից եւ Ադրբեջանին հաջողվեց Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունը վերափոխել եւ միջազգային հանրությանը ներկայացնել որպես հակամարտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` իր բացասական հետեւանքներով: Քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանի խոսքով` ԵԱՀՄ Մինսկի խմբի ռուսաստանցի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը փաստաթղթեր է հրապարակել, որոնք բավականին արժեքավոր են: Դրանցով կարելի է պարզապես ապացուցված համարել, որ Ադրբեջանը որպես հակամարտության կողմ ընդունել է Լեռնային Ղարաբաղը:

«Ադրբեջանական իշխանությունները միշտ էլ բանակցել են Լեռնային Ղարաբաղի հետ եւ, դեռ 93 թվականին, պաշտոնական Բաքուն երբեւիցե վատ չի զգացել այն հանգամանքից, որ ուղիղ բանակցությունների է անցել Լեռնային Ղարաբաղի հետ եւ խնդրել զինադադար կնքել»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ մեր դիվանագիտությունը պետք է օգտագործի տվյալ փաստաթղթերը բանակցություններում, քանի որ դրանք փաստում են, որ Ադրբեջանը դեռ 93-ին, ըստ էության, հակամարտության կողմ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

«1993-ի սեպտեմբերի 3-ին Հեյդար Ալիեւը թույլատրում է, որ Ադրբեջանի գերագույն Խորհրդի նախագահ Աֆիադին Ջալիլովը կազմակերպի Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, հատուկ եմ նշում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, պաշտոնյանների հանդիպում»:

Նմանօրինակ այլ փաստաթղթեր նույնպես կան, որոնք ստորագրված են Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւի կողմից` նշեց պատմաբանը: Պատմաբանը նշեց, որ փաստաթղթերի օրիգինալը պահպանվում է ՌԴ-ի արտգործնախարարության արխիվում` ինչպես նշել է ռուսաստանցի նախկին համանախագահ Կազիմիրովը: Գագիկ Համբարյանը կարծում է, որ դրանք շատ ակտիվորեն պետք է օգտագործվեն հայկական դիվանագիտության կողմից` նվազագույն նպատակ դնելով Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու բանակցային սեղանի շուրջ, առավելագույնը` փաստելու, որ Ադրբեջանը նախագահի մակարդակով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության առնչությամբ ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտնի հայտարարությանը` պատմաբան, քաղաքագետ Գագիկ Համբարյանը նախ նկատեց, որ այն մեզ համար նորություն չէր, քանի որ առաջարկվում էր Մադրիդյան սկզբունքների փաթեթային տարբերակ, ապա` հայտարարությունը պայմանավորեց ուկրաինական իրադարձություններով: Ըստ նրա` Արեւմուտքը ցանկանում է Ուկրաինայից շեղել Ռուսաստանի ուշադրությունը: Սա, սակայն, պատմաբան-քաղաքագետի գնահատմամբ, չստացվեց: Բանախոսը կարծիք հայտնեց, որ համանախագահների համատեղ վերջին հայտարարությունն էլ պայմանավորված էր զուտ հրադադարի 20-ամյակով: Քաղաքագետի կարծիքով` ներկայումս համանախագահող երկրներից որեւէ մեկը ոչ միայն ցանկություն, այլ նաեւ` հնարավորություն չունի լուծելու հակամարտությունը:

 

Back to top button