Հասարակություն

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է: Այս օրը մեր օրացույցում նշվել է 2011 թվականին, երբ ԱԺ-ն ընդունեց ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենք: Ընտանիքի միջազգային օրվան նվիրված այսօր մամուլի տարբեր ակումբներում քննարկվել են հայկական ընտանիքի առանձնահատկությունները մյուս ազգերի ընտանիքների հետ համեմատ:

Ընտանիքը սիրո, հանդուրժողականության, հարգանքի աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը: Առանց ընտանիք մարդ գոյատևել չի կարող: Շատերը կհամաձայնեն, որ հայկական ընտանիքները շատ են տարբերվում աշխարհի մյուս ընտանիքներից իրենց ավանդույթներով ու արժեհամակարգով: Սակայն հայկական ավանդական ընտանիքներում ժամանակի ընթացքում փոփոխություններ նկատում են, կարծում է ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանը, և ավելացնում, չնայած որ մեզ մոտ դեռևս պահպանվում է մեծի նկատմամբ հարգանքն ու նման արժեքները: Ազգագրագետը հայկական ավանդական ընտաիքի մոդելը պահպանելու համար առաջարկում է պետական հոգածություն, որը մեր երկրում չի գործում:

Ամուր, ավանդական ընտանիքը ազգի բարգավաճման կարևորագույն կողմերից է: Հայկական ընտանիքների մի մասը խաթարվում է արտագաղթի պայմաններում: Սակայն ազգագրագետը նկատում է, որ վերջին շրջանում տղամարդիկ արտերկիր աշխատանքի են մեկնում ընտանիքի հետ միասին, ինչը լավ է միասնականության համար, սակայն պետությանը խորհելու տեղիք է տալիս:

Հոգեբան Աննա Բադալյանը կիսում է ազգագրագետի այն կարծիքը, որ հայկական ընտանիքներում տարիների ընթացքում փոփոխություններ նկատվում են: Սակայն, ըստ նրա, այդ փոփոխությունները և՛ դրական են, և՛ բացասական:

Ներանձնային կոֆլիկտներից և ճգնաժամերից են ընտանիքներում լինում հիմնական բաժանությունները, ասում է հոգեբանը և նշում, որ այսօր Հայաստանում բաժանված ընտանիքների պատկերն այնքան էլ մտահոգիչ չէ, քանի որ ընտանեկան անախորժությունների դեպքում զույգերը դիմում են հոգեբանի աջակցւթյանը: հիմնականում դերային խախտումների, սեռահոգեբանական հարաբերությունների տարաձայնությունների , երեխաների հետ կապված խնդիրներով:

Սակայն այլ կարծիքի է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Վերջին տարիներին ամուսնալուծությունների աճ է գրանցվում: 1000 բնակչի հաշվով մեկ ամուսնալուծության դեպք:
Ընտանիքի պահպան գործում մեծ դեր է խաղում նաև ընտանիքի առողջությունը: Եթե չկա առողջություն, չկա ոչինչ, խոսքերը Հայ ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանինն են: Մեր կանայք սովորաբար բժշկի դուռը թակում են այն ժամանակ, երբ ժողովրդական լեզվով ասած դանակը հասնում է ոսկորին: Սակայն այսօր կարելի է ասել, որ այդ բժշկին դիմելու մշակույթն արդեն ձևավորվում է մեզանում, ինչն էլ հաստատում են բժիշկները:

Այսօր կանանց 30 տոկոսն արդեն միայն ստուգվելու համար է դիմում բժշկին:

Back to top button