Հասարակություն

Հայաստանը եվրոպական կրթական տարածքի անբաժանելի մաս է.ԿԳ նախարար

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանի բարեփոխումների վերաբերյալ» նախագծի կրթական ծրագրի համաժողովը, որին մասնակցել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Համաժողովի հիմնական նպատակն է աջակցել ԵՄ-Հայաստան համագործակցության զարգացման և Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին իրազեկվածությանը լայն հանրության շրջանում: Համաժողովում քննարկվել են ավագ դպրոցներում և բուհերում ԵՄ կենտրոնի կրթական ծրագրի փորձնական ներդրման ընթացքին վերաբերող հարցեր: ԿԳ նախարարը անդրադարձել է նաև լրագրողների հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը, թե պետք է գտնել Հայաստանի՝ Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն: 

Երբ դեռ անցյալ տարի Հայաստանի իշխանությունն ասում  էր, թե ԵՄ քաղաքականությունը պետք է ձևավորվի “և-և” բանաձևի շրջանակում, բազմաթիվ ծայրահեղ “եվրոպասերներ” իշխանությանը մեղադրում էին իրավիճակը ոչ իրատեսորեն գնահատելու և Եվրաասոցացման ճանապարհին տարիներ շարունակ ապարդյուն աշխատանք կատարելու մեջ: Շատ կարճ ժամանակ անց, սակայն, Եվրոպայի վերնախավը հասկացավ, որ հակամարտության ճանապարհով, այդ թվում նաև՝ Ռուսաստանի հետ, անհնար է կառուցել զարգացող և խաղաղ եվրոպական տարածք, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` արձագանքելով է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը, թե պետք է գտնել Հայաստանի՝ Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն:

«Ցավում եմ, որ այդ ամենը հասկանալու համար պետք էր անցնել ուկրաինական  դժբախտությունների շարանով, բայց այդուհանդերձ ակնհայտ է, որ հետևությունները եվրոպական քաղաքական գործիչների այն հատվածը, որը նախկինում այդպես չէր մտածում  արել են, իսկ ֆրանսիական քաղաքական վերնախավն ու ֆրանսիայի ժողովուրդը մնացել ու մնում է Հայաստանի եվրոպական տենչանքների կամ մերձեցման  ճանապարհին թիվ մեկ կարևորագույն քաղաքական գործընկերը ԵՄ տարածքում»:

Հիշեցնենք, որ Հայաստան երկօրյա պաշտոնական այցի ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես էր եկել  հայտարարությամբ, թե “Հայաստանը հատուկ աշխարհաքաղաքական պայմաններում է և այդ պատճառով էլ որոշել է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ”: ԿԳ նախարարն այսօր լրագրողների հետ հանդիպել է «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանի բարեփոխումների վերաբերյալ» նախագծի կրթական ծրագրի շրջանակներում: Նախարարի տեղեկացմամբ`

Հայաստանի կրթական բարեփոխումների ճանապարհին Եվրամիրությունը եղել և մնում է կարևորագույն գործընկերներից մեկը:

Կարևորելով շրջանավարտների զբաղվածությունը` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիստեան, ով ևս ներկա էր համաժողովին, նշեց, որ խնդիրն էլ ավելի արդիական է դառնում տնտեսական դժվար պայմաններում: Հետևաբար Եվրամիությունը փորձում է ձևավորել արդյունավետ մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն կրթական հաստատությունների և գործարար ոլորտի միջև համագործակցությանն ու երկխոսությանը: Դեսպանի տեղեկացմամբ` Եվրամիության աջակցությամբ կրթական ծրագրերը կմշակվեն այսօրվա տնտեսության պահանջներին համապատասխան:

Back to top button