ԿարևորՔաղաքական

Կուտակային կենսաթոշակային օրենքը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր ԱԺ- ն շարունակեց արտահերթ նիստը: Կարգի համաձայն՝ քվեարկեց եւ ընդունեց նախորդ օրը քննարկված հարցերը: Հիշեցնենք, որ սահմանված 24-ժամյա ռեժիմով ԱԺ- ն ձեռնամուխ եղավ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծի քննարկմանը երկրորդ ընթերցմամբ: Սակայն, մինչ այդ հարցին անցնելը, խորհրդարանը հասցրեց քննարկել նաեւ մի շարք այլ նախագծեր։

Կուտակային կենսաթոշակների մասին օրինագիծը պատգամավորներին բաժանվեց երկրորդ նիստից առաջ՝ 14.30-ին եւ ժամանակ տրվեց ծանոթանալու փաստաթղթում արված փոփոխություններին: Մինչ այս հարցի քննարկմանն անցնելը խորհրդարանը հասցրեց քննարկել մի շարք օրինագծեր: Այդպես օրինակ` այս կառավարության առաջարկով փոխում են արդեն նախորդ կառավարության նախաձեռնությամբ ընդունված օրենքը Հաշվապահական հաշվառման մասին: Խոսքը խորհրդատվական աուդիտի մասին է: Այս դեպքում առաջարկվում է հանել խորհրդատվական աուդիտի պարտադրանքը ձեռնարկությունների համար:

Ընդդիմադիր պատգամավորներն այս նախագծի մի մասին կողմ են, մյուսին` ոչ: Կողմ են, որ որեւէ իրավական ուժ չունեցող եւ ձեւական խորհրդատվական աուդիտը, որը ձեռք բերելու համար տնտեսվարողները փաստացի մեծ գումարներ են ծախսում, կանոնակարգվի, բայց դեմ են, որ խորհրդատվական աուդիտը ամբողջովին վերացվի: Պնդում են. hարկային աուդիտը չի կարող փոխարինել խորհրդատվական, մասնագիտական աուդիտին: Բացի այդ՝ եթե պարտադիր աուդիտի դրույթը օրենքից հանվի, ապա բազմաթիվ աշխատատեղեր կփակվեն եւ արտագաղթողների նոր հոսք կսկսվի:

Ընդդիմադիրների ելույթներից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը այդպես էլ ոչինչ չհասկացավ: «Ես չհասկացա։ Օրվա կեսը պարտադիրին դեմ եք, մյուս կեսը` կողմ: Հիմա, եթե շատ գործարարներ բողոքում են, ասում, որ աուդիտի փաստաթուղթը առնում են, մենք էլ ուզում ենք դա հանել, դե՞մ եք։ Ես դա չեմ հասկանում»։

Վերադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծի քննարկմանը՝ նշենք, որ այն սկսվեց օրվա վերջում` աշխատանքների ավարտից մեկ ժամ առաջ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրայնը ներկայացրեց, թե առաջին ընթերցումից հետո ինչ առաջարկներ են ընդունվել: Պատգամավորներն իրենց հերթին Աժ ամբիոնից բարձրաձայնեցին ստացված ահազանգ-դիմումների մասին, որոնք փաստում են. նույնիսկ դիմումի առկայության դեպքում պետական հիմնարկներում, մասնավորապես Երեւանի պետական համալսարանում, շուրջ 100 աշխատակցից շարունակվում է պարտադրաբար պահվել կուտակային կենսաթոշակի գումարը: Նմանատիպ նամակներ ստացել են բոլոր խմբակցությունները։

«Բնական է, որ հենց այս օրենքի նախագծի ընդունումն է նաեւ հիմք օրենսդրական ստեղծելու, որ այդ կարգի դիմումները ունենան գործնական լուծում: Հենց այս օրենքի նախագծի ընդունումը թույլ է տալու ստեղծել այն միջավայրը, նաեւ համակարգերը գործատուների համար, որպեսզի վարձու աշխատողի եւ գործատուի հարաբերությունները չսահմանափակվեն իրենց հարաբերություններով եւ դրանց անիրացվելիությամբ եւ այս օրենքի նախագծով այդ լուծումները տրվել են»։

Կարեւոր է, որ նախագծում նաեւ հստակեցվում է, թե ինչպես է լուծվելու խնդիրը, երբ Եկամտային հարկի շրջանակներում էլեկտրոնային հաշվետվությունների դեպքում  ավտոմատ համակարգն էր իրականացնում պարտադիր պահումներ: Այստեղ ընդամենը համակարգչում համապատասխան էջում մեկ «թռչնակ» դնելու խնդիր է։

Հիշեցնենք, որ այս նախագիծը քննարկվում է այլ ընթացակարգով: Երեքի փոխարեն անցնում է երկրորդ եւ վերջնական ընթերցում: Այս առումով Արծվիկ Մինասյանը կոչ արեց հնարավորինս շուտ անել քայլերը, որ օրինագիծը ստանա արդեն գործող օրենքի ուժ:

Հայտնի է արդեն, որ ՀՀ վարչապետը դիմել է քաղաքական ուժերին ներկայացուցիչներ գործուղել հատուկ ստեղծված հանձնաժողով Կենսաթոշակների կուտակային բարեփոխումների երկրորդ փուլի մշակման համար: Աժ-ում ներկայացված ուժերն արդեն որոշել են իրենց պատվիրակներին: Ասում են, որ ուշադիր հետեւելու են գործընթացին, ներկայացնելու են բոլորի` նաեւ «Դեմ եմ» շարժման տեսակետերը եւ հասնելու են նրան, որ կենսաթոշակային բարեփոխումները տարիքային խտրականություն չպարունակեն։

Back to top button