Հասարակություն

Ինտեգրված սոցիալական ծառայություններն ունեն շատ խնդիրներ, նաեւ… հաջողություններ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը ԱՄՆ մԻջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի հետ միասին այսօր Երևանում աշխատանքային հանդիպում է կազմակերպել իր հիմնական գործընկերների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Ի դեպ՝ ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի կարճաժամկետ խորհրդատու Ջերրի Ֆիցպատրիկը հետազոտել ու պարզել է, թե ինչպես են աշխատում արդեն ստեղծված 19 կենտրոնները։

Ռուզաննա Հարությունյանը Մարալիկի Զբաղվածության կենտրոնի տնօրենն է ու Մարալիկի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգողը: Նրանք սպասարկում են Մարալիկի ու հարակից 17 համայնքների շահառուներին։ Իսկ շահառուները կենտրոնին բազմաթիվ ու բազմազան հարցերով են դիմում. Մարալիկում ու հարակից համայնքներում մարդիկ հիմնականում աշխատանք են փնտրում, ցանկանում են աջակցություն ստանալ ֆինանսների տեսքով, շահառուների խնդիրները հստակ սոցիալական ուղղվածություն ունեն։ «Քաղաքացին մտնում է ընդունարան, ներկայացնում է իր փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերն ընդունելուց հետո մենք գնահատում ենք կարիքները»,- պատմում է նա իրենց աշխատանքի մասին։

Ավանի սոցիալական ծառայության տարածքային բաժնի պետ, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգողը՝ Լիլիթ Հայրապետյանը, կարծում է, որ աշխատակիցները պետք է ավելի շատ վերապատրաստվեն, որպեսզի կարողանան շահառուների հետ աշխատել։ Նրանց էլ, ինչպես Մարալիկում էր, տարբեր հարցերով են դիմում։

«Մեկ պատուհանի» սկզբունքով են հանրապետությունում փորձում աշխատել Երևանում ու մարզերում արդեն գործող 19 կենտրոնները: Ինչպես են նրանք աշխատում, փորձել է պարզել ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի կարճաժամկետ խորհրդատու Ջերրի Ֆիցպատրիկը: Իռլանդացի փորձագետը իր դիտարկումները զեկույցում է ամփոփել, որտեղ նշված են եւ թերությունները, և առաջընթացը։ «Ֆիզիկապես կան կենտրոններ, որտեղ ծառայություններ մատուցվում են, բայց դեռևս շատ անելիքներ կան: Իմ կարծիքով՝ կարևորն այն է, որ կառավարությունը քաղաքական կամք ունի՝ վիճակը բարելավելու համար»,- ասում է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը։

«Որոշ ընդունարաններ փոքր են, չունեն համապատասխան տարածք միաժամանակ այցելող մեծ թվով քաղաքացիներին արագ սպասարկելու համար, ընդունարանում սպասարկման բարձրասեղանները հարմար չեն անվասայլակներով շահառուների հետ դեմ առ դեմ շփվելու համար, բացակայում են հաշամնադմների համար հարմարեցված պայմանները: Առանձին բյուջե նախատեսված չէ տնային այցելությունների, համալիր սոցիալական ծառայությունների, տարածքային կենտրոնների պահպանման ծախսերի, գրասենյակի մաքրության ու տնտեսական տարատեսակ այլ ծախսերի համար»,- նշված է զեկույցում: Աշխատողների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանները որոշ կենտրոններում դրական են գնահատվել, սակայն՝ ոչ բոլորում:

«Պետք է կարողանանք տարբեր կառույցների միջև փոխգործակցություն ապահովել։ Բնական է, որ բացի զուտ ֆիզիկական ինտերգումից նաև տեղեկատվական ինտեգրում է լինելու, ասում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ու հավելում, որ դիմումների հաշվառման միասնական համակարգ է ձևավորվել 19 կենտրոններում։ Ծրագրով նախատեսվում է 56 նմանատիպ կենտրոն ստեղծել: Նախարարը ինքն էլ գիտի՝ 70-80 հազար դրամ աշխատավարձ ստացող սոցիալական աշխատողից դժվար է շատ բան պահանջել։ Այս պահին, ի դեպ, դեռ թույլ է այդ ինստիտուտը։ «Այդ խնդիրը կա և 2014թ հուլիսի 1- ին ներդրվե;լու է միասնական համակարգ աշխատանքի վարձատրության՝ պետական ծառայության համակարգում, էականորեն բարձրանալու է սոցիալական աշխատողների աշխատավարձը»,- ասում է նախարարը։

Խորհրդատուն առաջարկում է հստակ անցումային ծրագիր կազմել, որտեղ կներառվեն ինչպես իր առաջարկությունները, այնպես էլ բոլոր համաձայնեցված որոշումների կատարաման ժամանակացույցը։

Back to top button