ԿարևորՎերլուծական

Ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա ՌԴ դեմ Արեւմուտքի պատժամիջոցները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ղրիմը Ռուսաստանին միանալու համաձայնագիրն տորագրելուց հետո  արևմտյան երկրները շարունաում են խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Միացյալ Նահանգները վաղուց  դադարեցրել է ներդրումների ու առևտրի հարցերով բանակցությունները: Եվրոպական երկրները շարունակում են քննարկել պատժամիջոցների խստացման խնդիրը: Արդյո՞ք այս ամենից կարող է անմասն մնալ Հայաստանը: «Իհարկե՝ ոչ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը Հայաստանի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկերներից է»,- ասում են մասնագետները։ Օրինակ՝ 2013-ին մեր երկրի արտաքին առևտրի 24.1 տոկոսն իրականացվել է հենց այս երկրի հետ։

«Խոշոր բիզնեսի, ներդրումների առումով Ռուսատանում արդեն կա անհանգստություն: Ռուսական բիզնեսի մուտքը դեպի արևմտյան երկրներ  սահմանափակվում է: Այս պայմաններում չի բացառվում, որ ներդրումների որոշակի հոսք կարող է ուղղվել դեպի Հայաստան»,- ասում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ գնահատելով պատժամիջոցների հետեւանքները մեր երկրի վրա։

«Հետաքրքիր ներդրումային առաջարկներ ներկայացնելու  և գրավիչ բիզնես միջավայր ստեղծելու դեպքում Հայաստանը կարող է օգտվել իրավիճակից: Ռուսական կապիտալը մեր երկրում կարող է ուժեղանալ և ուժեղանալ հատկապես մասնավոր հատվածում»,- ասում  է Մակարյանը։

Ստեղծաված իրավիճակում Ռուսաստանին կարող է հետաքրքրել Հայաստանի միջոցով Իրանի հետ առեւտուրը զարգացնելու հեռանկարը։ Տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու առոմով, ըստ Մակարյանի, Ռուսաստանի համար սա բավականին գայթակղիչ գաղափար  է: Գործատուների միության նախագահը  սա դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները հնարավոր դրական հետևանք:

Իսկ այժմ Հայաստանի տնտեսության վրա դրանց բացասական հետևանքների մասին։ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կնպաստեն այս երկրի տնտեսական անկմանը, կկրճատվեն ներդրումները, կնվազեն արտասահմանյան ծրագրերը, արտաքին առևտուրը: Կաճի գործազրկության մակարդակը, որի արդյունքում կտուժեն Ռուսաստանում ապրող և աշխատող հայ միգրանտները, քանի որ, ըստ Մակարյանի,  այս երկիրն առաջիին հերթին կփորձի «քորել սեփական  գլուխը»  և լուծել իր քաղաքացիների խնդիրները: Դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան, բնակնաբար, էականորեն կնվազեն։

Back to top button