Տնտեսական

«Հյուսիս- Հարավ» ծրագրում Հայաստանն ակնկալում է ֆրանսիացի գործաարների մասնակցությունը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հայ –ֆրանսիական համաժողովի շրջանակում Երևանում էր մոտ 40 ֆրանսիական ընկերություն, հայկական կողմը ներկայացնում էր ավելի քան  180-ը:  Երկու երկրների  գործարարները երկու օր  քննարկեցին  տնտեսական համագործակցության շրջանակներն ընդլայնելու հնարավորությունները: Համաժողովի ընթացքում քննարկումներն ընթացան երկու հիմնական ուղղությամբ. կլոր-սեղաններից մեկի թեման առևտուրն ու ծառայություններն էին, երկրորդինը՝ ենթակառուցվածքները տրանսպորտի, հեռահաղորդակցության և քաղաքաշինության ոլորտներում: Երկու քննարկումների ընթացքում էլ  հայկական ու ֆրանսիական ընկերությունները նաև շնորհանդեսներով են  ներկայացրել իրնեց արտադրանքն ու ծառայությունները: 

Հայաստանում ընթացող ամենամասշտաբային նախագծերից մեկում՝  «Հյուսիս –Հարավ» ներդրումային ծրագրում  ֆրանսիացիների ներգրավումից հայ պատասխանատուներն ակնկալում են ներդրումներ, որոնցով հնարավոր կլինի փոխարինել վարկային միջոցները: Ծրագրի գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը սա միանգամայն հնարավոր է համարում՝ նկատի ունենալով նախ այն  հանգամանքը, որ  ֆրանսիական ընկերություններն արդեն ներգրավված են  ծրագրում: «2010 թվականից 3.5 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել  ֆրանսիական ընկերության հետ, որը նախագծային աշխատանքերի ծառայություն է տրամադրել: Արտաշատ- Երևան, Երևան –Աշտարակ, Աշտարակ- Թալին, Թալին- Գյումրի հատվածները նախագծվել են այդ ընկերության կողմից: Նրանք նախապատրաստել են նաև տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունը Քաջարան-Ագարակ հատվածի համար: Ինչպես գիտեք, շինարարությունը վերջապես  սկսելու ենք նաև  հարավից, որպեսզի մոտենալով երկու հատվածները հատվեն»:

«Հյուսիս- հարավում» ներգրավված երկրորդ ֆրանսիական ընկերությունը «Սաֆեժն» է,  որը  շինարարական աշխատանքերին մասնակցում է որպես ծրագրի կառավարման խորհրդատու և տեխնիկական վերահսկող: «Սաֆեժի» հետ 6 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել: Այս երկու ընեկրությունների ներգրավումը կարող է խթանել նորերի մասնակցությունը:  Իսկ ինչո՞վ կարող է մայրուղու  շինարարությունը  գրավիչ լինել բիզնեսի տեսանկյունից: Տարբերակներից մեկը, ըստ Արթուր Սարգսյանի, ճանապարհի սպասարկման համակարգում  հանրայինի և  մասնավորի համագործակցության ապահովումն է, նաև վճարովի ճանապարհների  գործարկումը, որոնք  աշխարհում  հաջողությամբ կիրառվում են։ «Դա թույլ է տալիս լավ ճանապարհներ ունենալ, լավ պահպանել այդ ճանապարհները, բարձր մակարդակի տրանսպորտային երթևեկություն ապահովել, սակայն պարտադիր է, որ զուգահեռ գործի ալտերնատիվ ճանապարհ: Սա, կարծում եմ, կհետաքրքի ներդրողներին»։

Իսկ ահա քաղաքաշինության ոլորտում կոնկրետ երկու ծրագիր կա, որոնք, նախարար Նարեկ Սարգսյանի կարծիքով, կհետաքրքրեն ֆրանսիացի մասնագետներին: Ծրագրերից մեկը Ախթալայում ֆրանսիական թաղամասի հնարավոր վերակառուցումն է։ «Սա կարող է լինել այն հետաքրքիր հանգույցներից մեկը, որը ֆրանսիացիներին հնարավորություն կտա բացահայտել իրենց պատմության էջերը Հայաստանում:  Ի վերջո՝ 1887 թվականից նրանց ինժեներն են աշխատել Ախթալայում, նրանց հնէաբաններն են ուսումնասիրություններ կատարել: Հնէաբանական խմբի ղեկավարն անգամ գրառում է արել, որ գործ ունենք մի տարածքի հետ, որն անհամեմատ հին քաղաքակրթություն ունի, քան՝ Եվրոպան: Եթե մեզ հաջողվի այս թաղամասը վերակառուցել , դարձնել տուրիստական կենտրոն, ապա այն ինժեներական փորձարարության նախագիծ կարող է դառնալ»։

Իսկ այդ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման հարցում Ֆրանսիան մեծ փորձառություն ունի: Երկրորդ նախագիծը հենց Ֆրանսիական հրապարակի հետ է կապվում: «Իհարկե, դա կոչվում է Ֆրասնաիական հրապարակ, բայց դրա մեծ մասը խաչմերուկն է և 3 այգու կտորները: Իսկ Թամանյանի նախագծով այդ հատվածում ամբողջությամբ այգի էր»։ Ըստ նախագծի՝ խաչմերուկը կարող է տեղափոխվել  Ֆրանսիական հրապարակի տակ, իսկ հրապարակն ամբողջությամբ պետք է վերածվի  այգու: Սա, ըստ Նարեկ Սարգսյանի, դեռ միայն    նախագիծ է, որն  առաջարկվել է ֆրանսիացի գործարարներին որպես համագործակցության հնարավոր տարբերակ: Թե  ինչ արձագանք կգտնեն  այս  ու մյուս առաջարկները  ֆրանսիական գործարար համայքնում, ցույց կտա ժամանակը։

Կարդացեք նաև
Close
Back to top button