Հայաստանում է Բեռլինի լեգենդար նվագախումբն իր լեգենդար դիրիժորով


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այս տարվա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն իր այցով պատվել է Բեռլինի պետական նվագախումբն ու լեգենդար դիրիժոր Դանիել Բարենբոյմը: Մաեստրոյի այցը հայաստանյան դասական երաժշտության կյանքում պատմական երևույթ է, ասել է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Այսօր նվագախումբը հայաստանցի լսարանին է ներկայանում Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Բեռլինի պետական նվագախումբը, որն աշխարհի հնագույն նվագախմբերից երկրորդն է, արդեն Հայաստանում է: 1992 թվականից նվագախմբի երաժշտական մասը ղեկավարում է Դանիել Բարենբոյմը։ Մաեստրոն շատ ուրախ է, որ այսօր գտնվում է այնպիսի երկրում, որն աշխարհին տվել է մեծանուն երաժիշտների: Եղել է աշխարհի գրեթե բոլոր ծայրերում, շրջագայություններից էլ ծանոթացել շատ ու շատ հայերի հետ: «Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական դպրոցի տնօրենը հայազգի Արա Գյուզիլյանն է, ում հաջողվեց կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցնել ամբողջ դպրոցը: Գյուզիլյանն իր հետ դպրոց բերեց մեծ երևակայություն ու մտքի բարձր թռիչք»։
450 տարվա պատմություն ունեցող նվագախումբն ամեն ինչ է անում երաշտությունը ժամանակակից մոտիվներով փոխանցել երիտասարդ ունկնդրին` միեւնույն ժամանակ պահպանելով օպերային երգացանկը: Ազգությամբ իսրայելցի մաեստրոյին չի գոհացնում երաժշտական կրթական համակարգը: Այս խնդիրը, ըստ նրա, կա նաև այլ երկրներում` Մոսկվայում, Պեկինում, Վիեննայում, Վաշինգտոնում և այլուր: «Ես պայքարում եմ և շարունակելու եմ պայքարել երաժշտական կրթությունը երկու տարբեր ճանապարհներով զարգացնելու համար: Առաջինը հանրակրթական դպրոցներում ընդգրկել որպես առարկա, քանի որ մարդ, ստանալով երաժշտական կրթություն, զարգացնում է մտավոր ունակությունները»,- ասում է մաեստրոն։
Երաժշտության ելևէջների շնորհիվ է համախմբվում մարդու մտավոր, ֆիզիկական ու հոգևոր աշխարհը: Երաժշտության պարունակությունն էլ բառերով արտահայտել հնարավոր չէ, ասում է Բարենբոյմը: «Եթե ես կարողանայի ձեզ բառերով բացատրել Բեթհովենի 7-րդ սիմֆոնիայի իմաստը, այսօր ես չէի կարողանա նվագել հայաստանյան լսարանի համար»։
Երաժշտությունն աճելու և զարգանալու միտում ունի, ասում է մաեստրոն և նշում, որ այն ծնվում է նվագախմբի միջոցով: Ամեն անգամ բեռլինյան նվագախումբը նոր գործ փորձելիս մեկօրյա փորձի վերջում սերտում է երաժշտության ամբողջ իմաստը, նշեց մաեստրոն և շեշտեց, որ դա նվագախմբի պրոֆեսոինալիզմի արդյունք է, անհատ երաժիշտները չեն կարող դա անել։